Նորություններ
Արտաշատում էր Համահայկական 6-րդ խաղերի ջահը
29.07.2015
Անթիլիասի Սուրբ Նահատակների մատուռում 2015 թ.հունիսի 28-ին վառված Համահայկական 6-րդ խաղերի ջահը հուլիսի 29-ին հասել է Արտաշատ: Արտաշատի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում ջահակրին դիմավորել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզիկներ, արտաշատցիներ:
Համահայկական 6-րդ խաղերի ջահը Սյունիքի մարզից Արտաշատ է բերել Համահայկական խաղերի հաղթող, ԱՊՀ կրկնակի չեմպիոն Արա Դավթյանը: Խորհրդանշական ջահն Արտաշատ բերելու հանդիսությունը տոնվել է ազգային երգ ու պարով, բեմականացմամբ՝ վերահաստատելով Համահայկական խաղերի՝ միասնական ու մեկ բռունցք լինելու անխախտ գաղափարախոսությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկաներին իր օրհնությունն էր բերել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Երվանդ Բաբայանը: Դիմելով ներկաներին՝ Տեր Երվանդ Բաբայանը քարոզել է լինել միասնական և քրիստոնեության պատվիրաններին հավատարիմ մնալու, հավաքական ուժ լինելու շնորհիվ միայն հաղթանակած դուրս գալ պայքարից:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Ողջունելով ներկաներին կարևորագույն այս իրադարձության առթիվ՝ Արգամ Աբրահամյանն այն համարել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման պատվանդան.
- Այս տարվա 6-րդ Համահայկական խաղերը ընդգրկված են Մեծ եղեռնի 100-ամյակի միջոցառումների ցանկում, և նշանաբանն է՝ Միասնություն:
Համոզված եմ, որ ոչ միայն Արտաշատում, այլև Երևանում, Գյումրիում 17 մարզաձևերից անցկացվող Համահայկական խաղերն անցնելու են մեծ ոգևորությամբ և ավարտվելու են հաջողությամբ:
Արտաշատի քաղաքապետն իր ելույթն ավարտել է հաղթանակի, մեծ ձեռքբերումների ու համախմբվածության մաղթանքով.
- Մասնակիցներին հայրենիք է բերել ոչ միայն Համահայկական խաղերին մասնակցելու, հաղթելու ցանկությունը, այլև հայրենիքում լինելու, տեսնելու և զգալու հողի կարոտը, անկախ, ապահով հայրենիք ունենալու գաղափարը:
Ցանկանում եմ արդար, ազնիվ մրցապայքար և հաղթանակի բերկրանք:
Արտաշատում Համահայկական 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողության եզրափակիչ և հանդիսավոր ելույթը հնչեցրել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը.
- Ջերմորեն ողջունում եմ Ձեզ հայոց հնամյա մայրաքաղաք Արտաշատում: Այսօր պատմական Արտաշատում իրական տոն է, որն իր կարևորությամբ մեկտեղել է բոլորիս:
Եվ առավել խորհրդանշական է, որ Արարատի մարզը, Արտաշատ քաղաքը այս տոնական ջահին դիմավորում են նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում և նոր օծված այս սրբավայրի օրհնությամբ բարի սկիզբ մաղթում մեր ազգային միասնության խորհրդանիշ համարվող մարզական այս միջոցառմանը:
Ռուբիկ Աբրահամյանը Համահայկական խաղերի կարգախոսն ու գաղափարախոսությունը հաստատապես համարել է ազգային համախմբման, մեծ ու հզոր բռունցք դառնալու և հավաքական ուժերով մեր անպարտելի ապագան կերտելու հիմնասյունը և բարի երթ մաղթել մարզական կարևորագույն իրադարձությանը.
- Վստահ եմ, որ այս խաղերի ընթացքում ևս արձանագրվելու են մարզական կարևորագույն ու նշանակալի ձեռքբերումներ, որոնք նոր էջ են բացելու հայ ժողովրդի ու մարզարվեստի պատմության մեջ:
Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս մեր մարզում ընթացքող այս նշանակալի իրադարձության առթիվ և Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահին բարի երթ մաղթում դեպի համայն հայության մայրաքաղաք երևան:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ազգային երգ ու պարի կատարումներով, անհատ կատարողների ելույթներով և վերածվել մեծ տոնախմբության: