Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում էր Համահայկական 6-րդ խաղերի ջահը

29.07.2015

 Անթիլիասի  Սուրբ Նահատակների մատուռում  2015 թ.հունիսի 28-ին վառված Համահայկական 6-րդ խաղերի ջահը հուլիսի 29-ին հասել է Արտաշատ: Արտաշատի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում ջահակրին դիմավորել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը,  մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզիկներ,  արտաշատցիներ:

Համահայկական  6-րդ խաղերի ջահը Սյունիքի մարզից Արտաշատ է բերել Համահայկական խաղերի հաղթող, ԱՊՀ կրկնակի չեմպիոն Արա Դավթյանը: Խորհրդանշական ջահն Արտաշատ բերելու հանդիսությունը տոնվել է ազգային երգ ու պարով, բեմականացմամբ՝  վերահաստատելով Համահայկական խաղերի՝ միասնական  ու մեկ բռունցք  լինելու անխախտ գաղափարախոսությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկաներին  իր օրհնությունն էր բերել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Երվանդ Բաբայանը: Դիմելով ներկաներին՝  Տեր Երվանդ Բաբայանը   քարոզել է լինել միասնական և  քրիստոնեության պատվիրաններին հավատարիմ մնալու, հավաքական ուժ լինելու շնորհիվ  միայն  հաղթանակած դուրս գալ պայքարից:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Ողջունելով ներկաներին  կարևորագույն այս  իրադարձության առթիվ՝ Արգամ Աբրահամյանն այն համարել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման պատվանդան.

-               Այս տարվա 6-րդ Համահայկական խաղերը ընդգրկված են Մեծ եղեռնի 100-ամյակի միջոցառումների ցանկում, և նշանաբանն է՝ Միասնություն:

Համոզված եմ, որ ոչ միայն Արտաշատում, այլև Երևանում, Գյումրիում 17 մարզաձևերից անցկացվող Համահայկական խաղերն անցնելու են մեծ ոգևորությամբ և ավարտվելու են հաջողությամբ:

Արտաշատի քաղաքապետն իր ելույթն ավարտել է հաղթանակի, մեծ  ձեռքբերումների ու համախմբվածության  մաղթանքով.

-               Մասնակիցներին հայրենիք է բերել ոչ միայն Համահայկական խաղերին մասնակցելու, հաղթելու ցանկությունը, այլև հայրենիքում լինելու, տեսնելու և զգալու հողի կարոտը, անկախ, ապահով հայրենիք ունենալու գաղափարը:

Ցանկանում եմ արդար, ազնիվ մրցապայքար և հաղթանակի բերկրանք:

 

Արտաշատում Համահայկական 6-րդ խաղերի ջահի ընդունման  արարողության եզրափակիչ և   հանդիսավոր ելույթը հնչեցրել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը.

            -  Ջերմորեն  ողջունում եմ Ձեզ հայոց հնամյա մայրաքաղաք Արտաշատում: Այսօր  պատմական Արտաշատում իրական տոն է, որն իր կարևորությամբ մեկտեղել է բոլորիս:

  Եվ առավել խորհրդանշական է, որ Արարատի մարզը, Արտաշատ քաղաքը այս    տոնական ջահին դիմավորում են նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում և նոր օծված այս սրբավայրի օրհնությամբ բարի սկիզբ մաղթում մեր ազգային  միասնության խորհրդանիշ համարվող մարզական այս միջոցառմանը:

 

Ռուբիկ Աբրահամյանը Համահայկական խաղերի կարգախոսն ու գաղափարախոսությունը հաստատապես համարել է ազգային համախմբման, մեծ ու հզոր բռունցք դառնալու և հավաքական ուժերով մեր  անպարտելի ապագան կերտելու հիմնասյունը և բարի երթ մաղթել մարզական կարևորագույն իրադարձությանը.

-                      Վստահ եմ, որ այս խաղերի ընթացքում ևս արձանագրվելու են մարզական կարևորագույն ու նշանակալի ձեռքբերումներ, որոնք նոր էջ են բացելու հայ ժողովրդի ու մարզարվեստի պատմության մեջ:

Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս մեր մարզում ընթացքող այս նշանակալի իրադարձության առթիվ և Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահին բարի երթ մաղթում դեպի համայն հայության մայրաքաղաք երևան:

 

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ազգային երգ ու պարի կատարումներով,  անհատ կատարողների ելույթներով և վերածվել մեծ տոնախմբության:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03