Նորություններ
Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
31.07.2015
<<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման>> (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ):
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄՆ Զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, հյուրեր:
Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում այգեգործության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Բացի այդ, կենտրոնում տեղի և օտարերկրյա մասնագետների կողմից կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ Արարատի մարզի շուրջ 25 համայնքների մոտ 2500 գյուղատնտեսների համար: Կենտրոնը ծառայելու է նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:
Արարողության սկզբում հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանին և մարզային համայնքներին կենտրոնի կառուցման և կայացման հարցում ցուցաբերած աջակցության համար և խոսել նմանատիպ կենտրոնների կառուցման 2 հիմնական չափանիշների մասին՝ մայրուղուց մոտ հեռավորության վրա գտնվելու և գյուղատնտեսությամբ զբաղվող աջակից անձի առկայության, որը կկառավարի կենտրոնը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանն իր խոսքում անդրադարձել է նմանատիպ կենտրոնների առկայության կարևորության և առաջիկայի պլանների մասին.
-Այս տարվա ընթացքում մենք արդեն երկրորդ այգեգործական կենտրոնն ենք բացում մեր հանրապետությունում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին կապահովի բարձրակարգ խորհրդատվական ծառայություններով: Մայիս ամսին նմանատիպ կենտրոն հինեցինք նաև Արմավիրի մարզի Նորապատ համայնքում և նպատակ ունենք հետագայում ընդլայնել աշխարհագրությունը՝ ընդգրկելով բոլոր մարզերը:
Այնուհետև կենտրոնի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նաև մարզի գյուղատնտեսական ոլորտի ձեռքբերումներին և իրականացվելիք աշխատանքներին.
-Շնորհավորում եմ բոլորիս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման կապակցությամբ և գյուղատնտեսական ոլորտի զարգացման ու հեռանկարային ձեռքբերումների գործում կենտրոնի առկայությունը համարում կարևորագույն գործոն:Անցյալ տարվա 2950 հա օգտագործվող հողատարարածքների փոխարեն այս տարի Արարատի մարզում շահագործվել է 1742 հեկտարով ավել հողատարածք: Ամենօրյա պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ մյուս տարի կարձանագրենք ավելի բարձր ցուցանիշներ:
Արարատի մարզպետը հույս է տածել, որ առաջիկայում գյուղատնտեսական սպասարկման կենտրոն կբացվի նաև Արատաշատի տարածաշրջանում, որը մարզի այդ տարածաշրջանում հողի հետ աշխատանքը կդարձնի ավելի արդյունավետ ու առավել կազմակերպված:
ԱՄՆ Զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը նույնպես շնորհավորել է ներկաներին և գործընկերության շրջանակներում կարևորել համատեղ աշխատանքի ու երկու ժողովուրդների միջև բարեկամության արդյունքում ստեղծված կենտրոնների առկայությունը:
Բացման արարողությունից հետո կտրվել է կարմիր ժապավենը, և հյուրերը շրջել են Փոքր Վեդիի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի դեղատան, աշխատանքային և սեմինարների անցկացման սենյակներում: