Նորություններ
Շարունակվում են 6-րդ համահայկական խաղերը
05.08.2015
Օգոստոսի 5-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտը հյուրընկալեց Մարսելից, Լիբանանից, Արգենտինայից, Երուսաղեմից, Մինսկից, Սպահանից, Թեհրանից, Հունաստանից, Բառնաուլից, Մելբուռնից, Բարսելոնայից, ինչպես նաև Վանաձորից, Վրաստանից, Շիրակից, Կապանից, ԼՂՀ-ից ժամանած թիմերի շուրջ 130 աթլետների և աթլետուհիների:
Հյուրերին դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, սպորտային մեկնաբաններ, աթլետիստներ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ:
Փողային նվագախմբի ուղեկցությամբ թիմերը հանդիսավոր տողան կազմեցին: Հնչեց ՀՀ օրհներգը: ՀՀ և Համահայկական խաղերի դրոշը բարձրեցնելու պատիվը տրվեց Եվրոպայի առաջնության հաղթողներ Լևոն Աղաջյանին և Ամալյա Շառոյանին:
Արտաշատի Քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ողջունելով համահայկական 6-րդ խաղերի մասնակիցներին, ասաց, որ այս խաղերը միավորում ու համախմբում են մեր հայրենակիցներին:
-Թող հաղթի միասնությունը,-եզրափակեց նա:
Ռոբերտ Էմմիյանը ողջունեց աշխարհի տարբեր ծայրերից պատմական մայրաքաղաք` Արտաշատ ժամանած մասնակիցներին և ասաց, որ այս գեղեցիկ մարզադաշտում մարզիկների համար բոլոր պայմանները ապահովել են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
-Եկել եք որպես անծանոթներ, վերադառնաք բարեկամներ դարձած: Բարձր պահենք սպորտի թագուհու` աթլետիկայի պատիվը,- հորդորեց ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը:
Ոսկետափ համայնքի <<Նավասարդե>> պարային համույթը հանդես եկավ ազգագրական կատարումերով:
130 մարզիկներ ու մարզուհիներ երեք օրվա ընթացքում կմրցեն 38 տարբեր մրցաձևերում: