Նորություններ
Մարզպետի հերթական շրջայցը
06.08.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հավատարիմ մնալով վաղ գարնանը հողագործներին տված << գյուղացին ամբողջ տարվա ընթացքում ոռոգման խնդիր չի ունենա>> խոստմանը, այսօր հերթական շրջայցը կատարեց ոռոգման համակարգում ջրամատակարարման ընթացքին, ինչպես նաև տեղերում իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարը այցը սկսեց Մխչյան առաջին և Մխչյան երկրորդ պոմպակայաններից:
Առաջին պոմպակայանում Ռ. Աբրահամյանը ծանոթացավ պոմպակայանի մղման խողովակաշարի` 1800 մմ տրամագծով վթարված խողովակի վերանորոգման աշխատանքներին:
Երկրորդ պոմպակայանում ավարտին էին մոտենում 1600 կվտ հզորությամբ շարժիչի, ինչպես նաև նույն մղման խողովակաշարի կոնդենսատորների վերանորոգման աշխատանքները: Մարզպետը, տեսնելով աշխատանքի ոչ մեծ ծավալները, հորդորեց <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Գագիկ Վարդանյանին մինչև օրվա վերջ ապահովել լիարժեք ջրամատակարարում:<<Սևան-Հրազդանյան-ջրառ>> ՓԲԸ-ի Ազատի ջրամբարի կարգավորիչ ավազանի հաստ փականի վերանորոգմամբ կվերականգնվի Արտաշատ և Դվին ջրանցքների, ինչպես նաև Ազատի քառաստիճան պոմպակայանների կանոնավոր ջրամատակարարումը:
Շրջայցի ավարտին, Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքներին ծանոթանալուց հետո, Ռ.Աբրահամյանը զրուցեց նաև Վեդի ՋՕԸ-ի ղեկավար Մարտին Առաքելյանի հետ և բոլոր պատասխանատուներին ևս մեկ անգամ հորդորեց մինչև օրվա վերջ ապահովել լիարժեք ջրամատակարարում :