Նորություններ
Ծառայում են հայրենիքին
07.08.2015
Այսօր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը N զորամասում մասնակցեցին նորակոչիկների երդման արարողությանը:
Ներկա էին նաև ծնողներ, զինվորների հարազատներ, բարձր դասարանի աշակերտներ: Տոնական տեսքով հրապարակում հանդիսավոր շարք էին կազմել վաշտերը: Ստորաբաժանումների ղեկավարներն օրվա կապակցությամբ հագել էին ճերմակ համազգեստներ:
Հանդիսավոր քայլերթով ներս բերեցին զորամասի մարտական դրոշը: Համապատասխան հրաման ստանալուց հետո սկսվեց երդման հանդիսավոր ու խորհրդավոր արարողությունը: Նորակոչիկներն ուսուցման ծրագիրը լավ էին սերտել. խրոխտ ու մարտական կեցվածք, զինվորին հատուկ հպարտ նայվածք: Նրանք քայլում էին այնպես համաչափ, որ թվում էր, թե հրապարակում մի զինվոր է քայլում: Զինվորները երդվեցին:
-Անձնվիրաբար ծառայել հայրենիքին, հանուն նրա չխնայել կյանքը:
Հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը զինվորների օրհնման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով: Հոգևոր հայրն օրհնեց զինվորներին` ասելով` բանակում ծառայելը ոչ թե պարտք է, այլ` պատիվ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով հրամանատարական կազմին և ծնողներին զավակների երդման արարողության կապակցությամբ, ասաց, որ յուրօրինակ հպարտության զգացում է ապրում, որովհետև մեր զավակները գնում են համալրելու հաղթանակած հայոց բանակի շարքերը: Մարզի ղեկավարը նրանց ցանկացավ խաղաղ երկինք ու բարի վերադարձ: