Նորություններ
Քննարկվել են մարզում շախմատի զարգացման հեռանկարները
10.08.2015
Օգոստոսի 7-ին Արարատի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզային ֆեդերացիայի տարբեր տարածաշրջանների մասնաճյուղերի մարզիչներ` Միքայել Մարտիրոսյանին / Արտաշատ/, Երվանդ Գաբրիելյանին /Վեդի/, Համլետ Հովհաննիսյանին /Արարատ/: Աշխատանքային այս հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,ոլորտի պատասխանատուները: Արարատի մարզպետի մոտ կայացած ընդունելության ընթացքում քննարկվեցին ֆեդերացիայի մասնաճյուղերի հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաև մարզում շախմատի զարգացման հեռանկարային ծրագրերը:
Շախմատի տարածաշրջանային պատասխանատուները մարզի ղեկավարին զեկուցեցին, որ վերջին տարիների ընթացքում Արտաշատը, ի դեմս Հայկ Մարտիրոսյանի, ունեցել է Եվրոպայի եռակի չեմպիոն: 2013 թվականին Արտաշատ քաղաքի ավագ դպրոցը շախմատի դպրոցականների հանրապետական օլիմպիադայում նվաճել է չեմպիոնի կոչումը: Աննա Սարգսյանը, Յուրա Ղազարյանը, Հրայր Հովհաննիսյանը հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցել են զգալի նվաճումներ: Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ մարզն ունի բարձր վարկանիշ ունեցող 60-ից ավելի շախմատիստներ:
Մարզպետը ևս մեկ անգամ հետաքրքրվեց տարածաշրջաններում շախմատի համար ստեղծված պայմաններով, կահավորման հետ կապված խնդիրներով և պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր խնդրի լուծման գործում ցուցաբերել անմիջական աջակցություն: Արարատի մարզպետը հորդորեց մեծ պատասխանատվությամբ պատրաստվել առաջիկայում կայանալիք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին: Մարզի ղեկավարը հանձնարարեց նաև ուսումնասիրել մարզկենտրոնում շախմատի մասնագիտացված դպրոց ստեղծելու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություն: