Նորություններ
Զինվորները և նրանց ծնողները այցելել են ճամբարականներին
10.08.2015
Օգոստոսի 7-ին Բուրաստան համայնքի բակային ճամբարում հյուրընկալվեցին ՀՀ զինված ուժերում իրենց բանակային ծառայությունն ավարտած 30 զինվորները և բանակ մեկնածների ծնողները:
Ճամբարում էին նաև Դիմիտրով, Բերքանուշ գյուղական համայնքների, ինչպես նաեւ Արտաշատ քաղաքի բնակիչները: Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով և գյուղապետ Աշոտ Թարվերդյանի բացման խոսքով: Ողջունելով հյուրերին` համայնքի ղեկավարն ընդգծեց, որ հայոց բանակը ազգային արժեք է, և յուրաքանչյուր տղամարդու համար պատիվ է ծառայել հայոց բանակում:
Դիմիտրով ասորական համայնքի <<Էնդի>> պարի համույթը հանդես եկավ հայրենասիրական, ազգագրական պարերի կատարումներով: Միջոցառման մաս է կազմել նաև Բուրաստան համայնքի ուսանողների ուժերով կազակերպված բեմականացումը:
Միջոցառման ընթացքում դպրոցականները կազմակերպեցին տարբեր մրցույթներ, և ճամբարականների կանաչ, կարմիր, ծիրանագույն թիմերը միմյանց հետ մրցեցին տարբեր մարզաձևերում: Դպրոցականները զինվորներին հայտնեցին իրենց շնորհակալությունը մեր հայրենիքի սահմանները ամուր և անսասան պահելու համար:
Զինվորի մայր Արևիկ Պողոսյանը շնորհավորեց հայոց բանակի զինվորների ծնողներին և նշեց, որ ինքը հպարտ է, որ զինվորի մայր է, միաժամանակ ցանկացավ, որ մեր հայրենիքի և բոլոր զինվորների առավոտներն ուղեկցվեն միմիայն խաղաղությամբ: Զինվորի հայր Համլետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանին համայնքը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: Զինվորներին, զորացրվածներին և նորակոչիկներին նվիրված միջոցառումն ավարտվեց հրավառությամբ: