Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկրի վարչապետը մարզերում խորհրդակցություններ է անցկացնում խաղողի մթերման վերաբերյալ

17.08.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերում էին խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության սահմաններում լուծում կտա բարձրացված խնդիրներին:
Հաջորդիվ վարչապետը շրջայց է կատարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Մրգավանի մասնաճյուղում և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի տարածքում՝ հետևել արտադրական գործընթացի կազմակերպմանը, ծանոթացել ընկերությունների ընթացիկ, ինչպես նաև ընդլայնման ու ներդրումային ծրագրերին: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն զբաղվում է կոնյակի, գինու, օղու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն՝ կոնյակի, գինու, խաղողի և մրգային օղիների արտադրությամբ: Երկու ընկերությունում ներդրված են որակի և անվտանգության վերահսկման միջազգային չափանիշներ ու համակարգեր, արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Պռոշյանի կոնյակի գործարանում և Արարատի գինու գործարանում, որին մասնակցել են գործարանների ղեկավարները և Արտաշատի, Արարատի և Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար: Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:
Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև նշված տարածաշրջանների գյուղերում առկա մյուս խնդիրներով: Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարի կատարած այցի ժամանակ տրված խոստումները կյանքի կոչելու համար և ներկայացրել իրենց համայնքների բնակչությանը հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համայնքային՝ ջրամատակարարման, առողջապահական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը: Վարչապետը մի շարք հարցերի լուծման առնչությամբ տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին և նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս խնդիրներին ևս:
Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը, ՀՀ Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանը , Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Ա.Կիրակոսյանը, մարզպետի տեղակալներ Ա.Վարդանյանը, Ա.Մուրադյանը, Ի.Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա.Մարգարյանը, վարչության պետեր, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Այցի ընթացքում մարզպետ Ռ.Աբրահամյանը տեղեկատվություն է ներկայացրել ներկա պահին մարզում ընթացող գյուղատնտեսական, բերքի և խաղողի մթերման հետ կապված արդեն կատարված և նախատեսվող աշխատանքների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50