Նորություններ
Ստենդային հրաձգարան-սպորտային համալիրի բացում
21.08.2015
Արարատի մարզի Այգեզարդ համայնքում տեղի ունեցավ ստենդային հրաձգարան-սպորտային համալիրի բացման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հրաձգության աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանի և ամուսնու` ՀՀ, ՌԴ վաստակավոր մարզիչ Գոռ Բարսեղյանի համատեղ ուժերով չորս տարի առաջ սկսված սպորտային համալիրի կառուցումը ավարտվել է մեկ ամիս առաջ:
Հյուրերին ավանդական կարգով դիմավորելուց հետո Այգեզարդի համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը մարզի ղեկավարին զեկուցեց մարզում նախադեպը չունեցող արդիական չափանիշներով կառուցված հրաձգարանի մասին: Նա ասաց, որ ստենդային հրաձգությունը մարզի Այգեզարդ, Այգեպատ համայնքներում ունի հարուստ ավանդույթ: Նոր համալիրի կառուցմամբ ամուսինները նպատակ ունեն վերականգնել և զարգացնել այդ սպորտաձևը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ժապավենը կտրելուց և բոլորին շնորհավորելուց հետո ասաց, որ մարզի բոլոր համայնքներում սպորտի զարգացումը, մշակույթի և սպորտի ապակենտրոնացումը մեր կառավարության որդեգրած քաղաքականությունն է, և մարզի ղեկավարի աշխատանքը նպատակաուղղված է դրա իրականացմանը: Մարզպետը եղավ հյուրանոց-համալիրում, շրջեց չորս մեծ սրահներում, սպորտային մարզասարքերով հագեցած սենյակներում, ննջասենյակներում, շոգեբաղնիքներում և հյուրասենյակներում: Սպորտային համալիրի բակում նա եղավ Իտալիայից բերված սպորտային զենքերով հագեցած ստենդային, գնդակային հրաձգարաններում:
Պաշտոնական բացումը նշանավորվեց հնգամարտով: Երեխաները մրցեցին լողի, հեծանվավազքի, վազքի, գնդակային և ստենդային հրաձգության սպորտաձևերում: Սպորտային համալիրում առայժմ պարապում են 30 սաներ: Հետագայում կընդգրկվեն շրջակա համայնքների երեխաները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի, Կիպրոսի, ՌԴ-ի, Իտալիայի հետ համատեղ մրցաշարեր անցկացնելու համար: