Նորություններ
Ստորագրվեց շինարարական աշխատանքների իրականացման համաձայնագիր
26.08.2015
Այսօր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը Դիտակ համայնքում մասնակցեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ-ի միջև պաշտոնական համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:
Արարողությունից առաջ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ներկայացրեց, որ Դիտակ համայնքի դպրոցը շահագործման է հանձնվել 1967 թվականին և շուրջ 50 տարի չի նորոգվել:
Գյուղապետի , ՀԿ-ի ղեկավար Ելենա Մանվելյանի և ՀՀ-ում Ճապոնական դեսպանատան համագործակցության շնորհիվ երկու տարի առաջ սկսվեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ամբողջովին նորոգվել է դպրոցի տանիքը, տեղադրվել են նոր պատուհաններ: Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ բարեգործները պայմանագիրը ստորագրելուց հետո կսկսեն դպրոցի ներսի եւ դրսի` շուրջ 1260 քմ հարդարման աշխատանքները: Սուրեն Սրապոյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դպրոցին աջակցելու, շինարարական աշխատանքները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին բնակիչների անունից շնորհակալություն հայտնելուց բացի նաև ասաց, որ հիմնանորոգված դպրոցը մեծագույն նվեր է համայնքին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,ընդգծելով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դերը, ասաց,որ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ մարզի 25 դպրոցներ ապահովվել են դպրոցական կահույքով և տեխնիկական սարքավորումներով: Մարզի ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ նման ներդրումներով Ճապոնիայի դեսպանատունը նպաստում է Հայաստանի դպրոցներում կրթության որակի բարձրացմանը: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց շվեյցարացի բարեգործներին դպրոցի մարզադահլիճը, միջանցքը, երկու հանդերձարանները հիմնանորոգելու և նոր պատուհաններ տեղադրելու, ինչպես նաև 40 սաներով մանկապարտեզի հիմնանորոգման համար:
Էյջի Տագուչին իր հերթին ասաց, որ որակյալ կրթությունը պետության հզորացման հիմքն է, և իրենք ուրախ են, որ ներդրումների հաշվին ուրախություն են պարգևել հայ աշակերտներին, իսկ ուսուցիչներին նպաստել՝ ապահովելու որակյալ կրթություն: