Նորություններ
Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն
27.08.2015
Օգոստոսի 26-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ Արարատի մարզի դպրոցների տնօրենների խորհրդակցությունը, որ վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, համայնքների, ինչպես նաև գերատեսչության ենթակառուցվածքների ղեկավարներ: Խորհրդակցությունը սկսվեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի զեկուցումով: Վարչության պետը խոսեց 2014-2015 ուումնական տարում իրականացված աշխատանքների, նվաճումների և 2015-2016 ուսումնական տարվա ծրագրերի, անելիքների մասին: Նա նշեց, որ նոր ուսումնական տարում, նախնական տվյալներով, մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 31863 երեխաներ, որից 3841-ը` առաջին դասարան: Հասմիկ Գասպարյանն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հանրակրթության ոլորտի արդյունավետ գործունեությանը միտված բազմաթիվ ծրագրերին՝ հատկապես մատնանշելով ուսման որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող պետական միջոցառումները:
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը խոսեց օրենսդիր մարմնի այն ծրագրերի մասին, որոնք նպատակաուղղված են ուսուցչի սոցիալական վիճակի բարելավմանը, հասարակության մեջ նրա սոցիալական դերի, ինչպես նաև ուսման որակի բարձրացմանը: Պատգամավորը ելույթն ավարտեց մեկնարկող ուսումնական տարվա շնորհավորանքով: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն անդրադաձավ 12- ամյա կրթական համակարգի ներդրման անհրաժեշտությանը, նրա առավելությանը, ավագ և հիմնական դպրոցների փոխհարաբերությանը, դասագրքերի, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների շարունակական բարեփոխումների անհրաժեշտությանը: Փոխնախարարը կարևորեց նոր ձևաչափով նախակրթարանների անհրաժեշտությունը:
Ամփոփելով մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության աշխատանքները` ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հորդորեց դպրոցների տնօրեններին, մանկավարժներին ուժերը չխնայել մարզի կրթական համակարգում ունեցած ձեռքբերումները կրկնապատկելու, ինչպես նաև ուսման որակը բարձրացնելու համար: Մարզի ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության դրական ազդակներն ակնհայտ դրսևորումներ են ստանում Արարատի մարզում, և մարզի կրթության պատասխանատուներն այդ պարագայում պետք է կարողանան ապահովել ոլորտի լիարժեք, արդյունավետ գործունեությունը և աշակերտներին ժամանակի պահանջներին համահունչ ու մրցունակ գիտելիքների տրամադրումը: