Նորություններ
Մարզպետն այցելեց դպրոցներ
01.09.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը սեպտեմբերի 1-ի և գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորանքները սկսեց մարզի Այնթափ համայնքի 2-րդ դպրոցից, որի շրջանավարտն է եղել նաև մարզի ղեկավարը: Դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը հանդես եկավ բացման խոսքով և շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց դպրոցի բարձր դասարանցիների և նախակրթարանի սաների ուժերով կազմակերպված գեղարվեստական միջոցառմով:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորական խոսք հղեց ուսումնական տարվա առթիվ և ընդգծեց, որ 40-ամյա դպրոցն աչքի է ընկել կրթական բարձր որակներով ու ձեռքբերումներով: Մարզի ղեկավարը հորդորեց հավատարիմ մնալ դպրոցի ավանդույթներին և հայրենիքի համար կրթել արժանավոր ու պիտանի քաղքացիներ, հատկապես այն պարագայում, որ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտում իրականացնում է դպրոցաշինության, ուսման որակի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, որոնց օգնելը, օժանդակելը բոլորիս սուրբ պարտքն է:
Մարզպետն այցելեց նաև Այթափի թիվ 1 դպրոց, շրջեց դպրոցի բոլոր դասարաններում, շնորհավորեց աշակերտներին, այցելեց դպրոցի գրադարան, հետաքրքրվեց գրքերի և ընթերցող աշակերտների թվով, ապա հանդիպեց ուսուցչական կոլեկտիվի հետ, պատասխանեց մանկավարժների կողմից բարձրացված հարցերին:
Արեւաբույր համայնքի դպրոցում ևս մարզի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին, շրջեց կրթօջախի մասնաշենքում, հանդիպեց ուսուցչական կոլեկտիվին: Տնօրեն Նվեր Աբգարյանը մարզի ղեկավարին ներկայացրեց դպրոցի գործունեության հիմնական մանրամասներն ու նախանշեց հաստատության շարունակական զարգացմանը միտված ծրագրային առաջնահերթությունները:
Հավելենք, որ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատողներն այցելել են մարզի բոլոր դպրոցներ և հաղորդել ՀՀ Արարատի մարզպետի շնորհավորանքը նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ: