Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը

02.09.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել են հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին , այլ հյուրեր և պաշտոնատար անձինք:

Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:

Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է սպանդանոցի կառուցման կարևորությունը Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացման համար: Նախարարն իր խոսքում կարևորել է նաև խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի:

Սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր հերթին ողջունել և շնորհավորել է ներկաներին հանրապետության ամենախոշոր սպանդանոցի բացման կապակցությամբ: Իր խոսքում նա ևս կարևորել է գնային ճիշտ քաղաքականության և տեղափոխման աշխատանքները կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը,ինչը կնպաստի նաև Արարատի մարզի անասնապահության ոլորտի զարգացմանը ։

Նախարարը և մարզպետը վստահեցրել են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Արարատի մարզպետարանը հնարավորինս կաջակցեն նորակառույց սպանդանոցի աշխատանքների կազմակերպման հարցում:

Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքն իր համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում ունի մեծ պահանջարկ, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ մսամթերք: Դեսպանը չի բացառել, որ հետագայում Հայաստանի այլ մարզերում հնարավոր է հիմնվեն նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցներ:

Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանն իր հերթին նշել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը:

Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03