Նորություններ
Աշխատանքային այց Արարատի մարզ
08.09.2015
Սեպտեմբերի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Այցի ընթացքում Արամ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ամռան գյուղատնտեսական աշխատանքների ավարտական փուլում տարվող աշխատանքներին հետևելու և ընթացքը վերահսկելու նպատակով եղել են Մխչյանի 1-ին և 2-րդ աստիճանի ջրհան կայաններում, տեղում դիտարկել ոռոգման ջրի մղման աշխատանքները: Արարատի մարզի ոռոգման ջրամատակարարումն ապահովողՄխչյանի 1-ին և 2-րդ աստիճանի ջրհան կայաններում շրջայցի պահին գործադրված էին համապատասխանաբար 5 և 4 պոմպեր:
Արամ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նաև եղել են Ջրաշեն համայնքի տարածքում գտնվող գյուղացիական տնտեսություններում, հանդիպել հողատարածքների մշակմամբ զբաղվող Ջրաշեն, Դիտակ, Աբովյան, Զովաշեն համայնքների գյուղացիների հետ: Գոհունակություն արտահայտելով ամռան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում իրենց մատակարարված մեծ ծավալով ջրի դիմաց` գյուղացիները բարձրացրել են նաև ոռոգման ջրի մատակարարման խողովակաշարերի որոշ հատվածների վերափոխման և նոր խորքային հորի շահագործման հարցեր ու ստացել դրական պատասխան:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արամ Հարությունյանը այնուհետև դիտարկել են Մխչյանի 2-րդ աստիճանի ջրհան կայանի ` դեպի Արարատ և Վեդի ՋՕԸ-եր մատակարարվող ջրի սկզբնահատվածի շահագործման աշխատանքները, որտեղ շրջայցի պահին մղվում էր 6500 լ/վ ծավալով ջուր:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ամփոփելով այցի ընթացքում կատարված ուսումնասիրություններն ու դիտարկումները, ասել է, որ անցյալ տարիների համեմատ ոռոգման ջրի համակարգում գրանցել են բարձր արդյունքներ, ինչը պատկան մարմինների և գյուղացիների համատեղ աշխատանքի արդյունքն է:
- Գյուղացիների օգտագործած ջրի դիմաց վճարումներն ու մեր ամենօրյա ինտենսիվ աշխատանքը տվել են դրական արդյունք: Անցած տարիների համեմատ ունեցած բարձր արդյունքները, բնականաբար, ամենօրյա բարեխիղճ ու ազգաբնակչության շահերին նպատակաուղղված աշխատանքից են բխում և պարտավորեցնում են հաջորդ գյուղատնտեսական տարում ոչ միայն ավելացնել մշակելի հողատարածքներն, այլև ունենալ ավելի արդյունավետ ու կազմակերպված ջրամատակարարում:
Շնորհակալություն հայտնելով Արարատի մարզպետին և գյուղացիական տնտեսություններին իրենց փորձառու և նվիրված աշխատանքի համար` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր խոսքում ևս դրական է գնահատել Արարատի մարզի ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների կազմակերպումն ու ավելացրել.
- Մեր բոլոր աշխատանքները նպատակաուղղված են գյուղացիական տնտեսությունների բարգավաճմանն ու հողերի բարձր բերքատվությանը, ինչը ենթադրում է նորմալ ջրամատակարարում: Ավարտված համարելով տարվա գյուղատնտեսական աշխատանքների առաջին փուլը` մենք ճանապարհ ենք հարթում աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար: Այդ աշխատանքների ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության և առկա խնդիրներին հրատապ լուծում տալու համար շնորհակալություն եմ հայտնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ինչպես նաև գյուղացիներին իրենց պարտավորությունները ժամանակին կատարելու համար, -եզրափակել է Արամ Հարությունյանը: