Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այց Արարատի մարզ

08.09.2015

 Սեպտեմբերի 8-ին  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է  Արարատի մարզում: Այցի ընթացքում  Արամ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ամռան գյուղատնտեսական աշխատանքների ավարտական փուլում տարվող աշխատանքներին հետևելու  և ընթացքը վերահսկելու նպատակով եղել են Մխչյանի  1-ին և 2-րդ աստիճանի ջրհան կայաններում, տեղում  դիտարկել ոռոգման ջրի մղման աշխատանքները: Արարատի մարզի ոռոգման ջրամատակարարումն ապահովողՄխչյանի 1-ին և  2-րդ աստիճանի ջրհան կայաններում շրջայցի պահին գործադրված էին համապատասխանաբար  5 և  4 պոմպեր:

Արամ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  նաև եղել են Ջրաշեն համայնքի տարածքում գտնվող գյուղացիական տնտեսություններում, հանդիպել հողատարածքների մշակմամբ զբաղվող Ջրաշեն, Դիտակ, Աբովյան, Զովաշեն համայնքների գյուղացիների հետ: Գոհունակություն արտահայտելով ամռան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում իրենց մատակարարված մեծ ծավալով ջրի դիմաց` գյուղացիները բարձրացրել են նաև ոռոգման ջրի մատակարարման  խողովակաշարերի  որոշ հատվածների վերափոխման և նոր խորքային հորի շահագործման հարցեր  ու  ստացել  դրական պատասխան:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արամ Հարությունյանը այնուհետև դիտարկել են Մխչյանի 2-րդ աստիճանի ջրհան կայանի ` դեպի  Արարատ և Վեդի ՋՕԸ-եր մատակարարվող ջրի սկզբնահատվածի շահագործման աշխատանքները, որտեղ  շրջայցի պահին   մղվում էր 6500 լ/վ ծավալով ջուր:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ամփոփելով  այցի ընթացքում կատարված ուսումնասիրություններն ու դիտարկումները, ասել է, որ  անցյալ տարիների համեմատ ոռոգման ջրի համակարգում գրանցել են բարձր արդյունքներ, ինչը  պատկան մարմինների և գյուղացիների համատեղ աշխատանքի արդյունքն է:

-         Գյուղացիների օգտագործած ջրի դիմաց վճարումներն ու մեր ամենօրյա ինտենսիվ աշխատանքը տվել են դրական արդյունք: Անցած տարիների համեմատ ունեցած բարձր արդյունքները, բնականաբար,  ամենօրյա բարեխիղճ ու ազգաբնակչության շահերին նպատակաուղղված աշխատանքից են բխում և պարտավորեցնում են հաջորդ գյուղատնտեսական տարում ոչ միայն ավելացնել  մշակելի հողատարածքներն, այլև ունենալ ավելի արդյունավետ ու կազմակերպված ջրամատակարարում:

Շնորհակալություն հայտնելով Արարատի մարզպետին և գյուղացիական տնտեսություններին իրենց փորձառու և նվիրված աշխատանքի համար` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր խոսքում ևս դրական է գնահատել Արարատի մարզի ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների կազմակերպումն ու ավելացրել.

 

- Մեր բոլոր աշխատանքները նպատակաուղղված են գյուղացիական տնտեսությունների բարգավաճմանն ու հողերի բարձր բերքատվությանը, ինչը ենթադրում է նորմալ ջրամատակարարում: Ավարտված համարելով տարվա գյուղատնտեսական աշխատանքների առաջին փուլը` մենք ճանապարհ ենք հարթում աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար:  Այդ աշխատանքների ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության և առկա խնդիրներին հրատապ  լուծում տալու համար շնորհակալություն եմ հայտնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ինչպես նաև գյուղացիներին  իրենց պարտավորությունները ժամանակին կատարելու համար, -եզրափակել է Արամ  Հարությունյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03