Նորություններ
Արարատի մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին
19.09.2015
Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Երևանի <<Արարատ>> գինու-կոնյակի-օղու կոմբինատի Մասիսի մթերման կայանում: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը ծանոթացել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքներին, զրուցել մարզի տարբեր համայնքների խաղողագործների հետ, որոնք հավաքվել էին 2015թ. աշնան խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործարանի հետ իրենց պայանագրերը հստակեցնելու համար:
Արարատի մարզպետը խաղողագործների հետ զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ գյուղատնտեսության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` գյուղացիները բերքի մթերման ժամանակ չեն ունենա որևէ խնդիր, և 1 կգ խաղող անգամ դուրս չի մնա մթերման ծավալի նախատեսված չափաբաժնից և որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքն ու չարչարանքը տա ցանկալի արդյունք:
Արարատի մարզպետը հավելել է նաև, որ իր հսկողության ներքո են մարզում իրականացվող մթերման աշխատանքները և որ սեպտեմբերի 20-ին ևս հանդիպում է ունենալու Տափերականի <<Ա․Կ․Զ․>>ՍՊ ընկերության հետ համագործակցող խաղողագործների հետ։
Մթերման կայանի մոտ հավաքված գյուղատնտեսների հետ զրուցել է նաև <<MULTI GROUP>> ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը և հավաստիացրել, որ խաղողի մթերման պրոցեսը այս տարի ևս կիրականացվի անցյալ տարվա սկզբունքներով, և Մասիսի մթերման կայանը կմթերի նույնքան ծավալով խաղող:
Սեպտեմբերի 21-ից <<Արարատ>> գինու-կոնյակի-օղու գործարանի Մասիսի մթերման կայանում, որի հետ պայմանագիր են կնքել Արարատի մարզի երեք տարածաշրջանների համայնքների գյուղացիները, կսկսվեն խաղողի մթերման աշատանքները: