Նորություններ
Տոնական համերգ` նվիրված անկախության 24 –րդ տարեդարձին
22.09.2015
Սեպտեմբերի 21-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքում կայացել է Հայաստանի հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգ: Տոնական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, զինվորներ, հյուրեր:
Համերգը կայացել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Միջոցառման սկզբում ներկաներին իր օրհնությունն է փոխանցել Տեր Թաթուլ Գասպարյանը` մաղթելով ազգին հայոց միայն խաղաղ առավոտներ, տոկունություն և ցանկանալով էլ ավելի ամուր կամք, հավատ ու սեր ապագայի հանդեպ:
Հանրապետության քսանչորսամյա տարեդարձի կապակցությամբ Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում հնչել են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քամանչահար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Ինչպես նաև նվագախմբի նվագակցությամբ ելույթ են ունեցել <<Շանթ>> հեռուստաընկերության <<Ժողովրդական երգիչ>> նախագծի լավագույն տասնյակում հայտնված երգիչ-երգչուհիները` հանդիսատեսին հիացնելով իրենց կատարողական արվեստով, մատուցելով բարձրարժեք ու ազգային-ժողովրդական երգ-երաժշտություն:
Միջոցառման ծրագրի շրջանակներում հանդիսատեսը ունկնդրել է Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, այլ երաժիշտ-երգահանների ստեղծագործությունները, որոնք ազգային արմատներին հավատարիմ մնալու, հայրենասիրության ու անկոտրում ոգու քարոզ են հանդիսանում: Թատրոնի շենքից հանդիսատեսը հեռացել է մեծ գոհունակությամբ, հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ: