Նորություններ
Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը
01.10.2015
Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի համայնքային կենտրոն, որտեղ վերաբացվել է բարեգործական ճաշարանը: Մարզպետին ուղեկցել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը:
<<Առաքելություն Հայաստանին>> կազմակերպությանը կից 2002-2007 թթ. գործող ճաշարանը փակվել էր ֆինանսական միջոցների բացակայության պատճառով և վերաբացվել Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո մարզպետն ու քաղաքապետը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել սննդի պատրաստման, սնման և այլ սենյակների պայմաններին, այնուհետև հանդիպել ու զրուցել տարեցների հետ:
- Ցանկանում եմ ձեզ երկար տարիների կյանք, բարօրություն ու քաջ առողջություն,- ասել է մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր շնորհավորական խոսքում, ապա հավելել, որ իրենք ամեն ինչ անում ու անելու են, որ տարեցները մշտապես լինեն ուշադրության կենտրնում:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս շնորհավորել է տարեցներին միջազգային օրվա և ճաշարանի վերաբացման կապակցությամբ և ասել.
- Մեր ամեն ջանք ուղղված է ձեր հանգիստ ու բարեկեցիկ ծերության ապահովմանը: Հավատացած եղեք, որ մենք հետամուտ ենք լինելու ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդրի լուծմանը:
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը իր օրհնությունն էր բերել տարեցներին` օրհնելով նաև վերաբացված կենտրոնը:
Արտաշատի համայնքային կենտրոնի ճաշարանում օրական մեկ անգամ տրվելու է տաք սնունդ: Այնտեղ սնվող 60 շահառուները ոչ միայն ծերեր են, այլև սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչներ: