Նորություններ
Տարեցների օրը` Բուրաստանում
01.10.2015
Հոկտեմբերի 1-ին Բուրաստանի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր: Համայնքապետրանը նշում էր տարեցների օրը:
Մեծահասակների ուրախությունը կրկնապատկվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությամբ, ինչն ինքնանպատակ չէր. այն մեծահասակների նկատմամբ մարզպետի հարգանքի, ուշադրության, ջերմ վերաբերմունքի հերթական դրսևորումն էր: Գյուղապետարանի մուտքի մոտ ավանդական կարգով մարզպետին դիմավորելուց հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տան մեծ դահլիճում: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, ողջունելով Ռուբիկ Աբրահամյանին, հյուրերին, ասաց, որ մարզպետի հերթական այցը ոգևորել է բոլորին: Ապա նա շնորհավորեց տարեցներին և հանձնեց տոնական նվերները:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը յուրովի շնորհավորեց մեծահասակներին՝ ասելով, որ նրանք պահել, մեծացրել են մեզ, և հիմա հերթը մերն է:<<Մենք որդիական պարտք ունենք յուրաքանչյուր ծնողի, մեծահասակի հանդեպ>>,-մարզի ղեկավարը եզրափակեց իր խոսքը` իր մշտական աջակցության, օգնության հավաստմամբ: Քրիզանթեմներով զարդարված, ազգային կերակրատեսակներով սեղանների շուրջ վետերան բժիշկները, մանկավարժները, հողագործներն իրենց սրտի խոսքն ուղղեցին մարզպետին, համայնքապետին մշտական ուշադրության և ավանդական դարձած այս միջոցառման համար:
Այնուհետև, <<Բուրաստան>> պարի համույթը, անհատ կատարողներն օրվա կապակցությամբ մեծահասակներին նվիրեցին նրանց նախընտրած երգերն ու պարերը: Տոնական համերգից անմասն չմնացին նաև տարեցները: Նրանք հանդես եկան երգերով, բանաստեղծություններով, ժողովրդական խաղիկներով: 80 տարեցներ օրը հիշարժան դարձրեցին համայնքապետի հետ նկարվերով: Մեծերին օրհնեց և Աստծո խնամակալությունը խնդրեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը: