Նորություններ
Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել մարզի լավագույն ուսուցիչներին
05.10.2015
Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցների տաղանդավոր ու վաստակաշատ ուսուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:
Հանդիսավոր արարողության սկզբում Հասմիկ Գասպարյանը շնորհավորել է ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ` ցանկանալով երկարակեցություն և անսպառ համբերություն, ապա ներկայացրել պարգևատրման արժանացած 38 ուսուցիչներին:
Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորել է կրթության ասպարեզի նվիրյալներին մասնագիտական տոնի կապակցությամբ` առողջության, ամուր կամքի ու անսպառ նվիրումի մաղթանքներ հղելով բոլորին.
- Սիրելի’ ուսուցիչներ, դուք հզոր ու կայացած պետության
կերտողներն եք, առողջ և խելացի սերնդի կրթողները: Գնահատելով ձեր մեծարժեք ավանդը կյանքի կարևոր ու կենսական բնագավառներում ` մաղթում եմ առողջություն, սեր ու համախմբվածություն ձեր ընտանիքներում ու կոլեկտիվներում: Ձեր օրինակելի վարքագծով և հայրենասիրության մղող օրինակներով կրթելով ու դաստիարակելով արժանի սերունդ` դուք արժան եք միայն հարգանքի, ակնածանքի ու մեծարանքի:
Մարզպետի կողմից պատվոգրի արժանանալուց հետո ուսուցիչները իրենց շնորհակալանքի խոսքն են ուղղել Ռուբիկ Աբրահամյանին ուշադրության, գնահատանքի ու կրթությանը ցուցաբերած ամենօրյա աջակցության համար:
- Ուսուցիչը ևս կարիք ունի գնահատման: Առանց գնահատման արժեքներ չեն ստեղծվում: Այս պատվոգիրը մղելու է նորանոր հաջողությունների, մտքի ու սրտի թռիչքի: Շարունակեք արարել` բարությունն ու նվիրումը ճակատագիր դարձրած,- ասել է Քաղցրաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Ավոյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ուղղված շնորհակալանքի խոսքում:
Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում կրթական ոլորտին ցուցաբերած աջակցության համար շնորհակալագրի են արժանացել նաև Խաչփառ ու Այգեպատ համայնքների ղեկավարները: