Նորություններ
Զինվոր-ծնող հերթական հանդիպումը
10.10.2015
Հոկտեմբերի 10-ին Արարատի մարզպետարանի դահլիճում ՀՀ ՊՆ և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի համատեղ ջանքերով կայացավ հերթական ծնող-զինվոր հանդիպումը: Երրորդ բանակային միավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին մարզի զինվորներով և ծնողներով լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս դիմավորեց:
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Հայկ Պետրոսյանի բացման խոսքին հաջորդեց մարզպետի ողջույնի, շնորհակալական և շնորհավորանքի խոսքը: Նա ասաց, որ նախորդ տարվանից Արարատի մարզում բարի ավանդույթ է դարձել ծնող-զինվոր հանդիպումը: Շնորհիվ այդ ավանդույթի`երրորդ բանակային կորպուսն արդեն երկրորդ անգամ է լինում Արարատի մարզում: Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը հպարտանում է մեր զինվորներով, որոնք լավագույն ծառայության համար այսօր նստած են դահլիճում` ծնողների հետ:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ծնողներին հայրենասեր, խիզախ, օրինապահ որդիներ դաստիարակելու համար: Մարզի ղեկավարն այս հանդիպումները կարևորեց՝ ասելով, որ բանակ-հասարակություն կապն ավելի է սերտանում, բանակի առօրյան դարձնում ավելի թափանցիկ ու տեսանելի: Մարզի ղեկավարը կրկին հավաստեց, որ մենք յուրաքանչյուր զինվորի կողքին ենք, մեր բանակի կողքին: Ավարտելով ելույթը` Ռուբիկ Աբրահամյանը ցանկացավ, որ ինչպիսի ուրախությամբ ծնողները զավակներին ճանապարհել են բանակ, նույնպիսի ուրախությամբ դիմավորեն նրանց վերադարձը:
Զինվորների և նրանց ծնողների համար ցուցադրվեցին Արարատի, Տավուշի, Լոռիի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր: Երրորդ բանակային միավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին այս գեղեցիկ հանդիպումը կազմակերպելու համար և ասաց, որ մեր զինվորները սխրանքներ են գործում սահմանում` ետ շպրտելով թշնամու յուրաքանչյուր կազմակերպված հարձակում: «2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եւ այս տարվա օգոստոսին մեր քաջերն այնպիսի հակահարված տվեցին թշնամուն, որ նրանք առմիշտ մոռացան եկած ճամփան: Մենք միշտ հաղթում ենք, որի համար պարտական ենք զինվորների ծնողներին՚,-ասաց նա: Հրամանատարը 54 ծնողներին պարգևատրեց շնորհակալագրերով, իսկ զինվորները ստացան կարճատև արձակուրդ:
Միջոցառումն ավարտվեց երրորդ բանակային կորպուսի մասին փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումով:








