Նորություններ
Մարզպետը շնորհավորեց վետերանին
19.10.2015
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հոկտեմբերի 18-ին այցելեց Զանգակատուն` շնորհավորելու պատերազմի վետերանին:
90-ամյա Խաչիկ Գևորգյանի տունը լեփ-լեցուն էր: Գերդաստանի նահապետը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ընդունեց հարազատ զավակի պես: Մարզի ղեկավարը տոնական սեղանի շուրջ` չորս երեխաների, 11 թոռների, 27 ծոռների և համագյուղացիների ներկայությամբ, շնորհավորելով 90-ամյա վետերանին՝ նրան հանձնեց արժեքավոր նվերներ:
Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ Զանգակատնից պատերազմ են մեկնել 150 բնակիչներ, վերադարձել են 70-ը, որոնցից մեկն էլ Խաչիկ Գևորգյանն է: Մարզպետը շնորհավորեց նաև բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եպրաքսյա Միքայելյանին, որ Բելառուսի Մոգիլյով քաղաքի ազատագրման ժամանակ փրկել է նրա կյանքը:
Այժմ տիկին Եպրաքսյան այդ ընտանիքի ցանկալի հյուրն է: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան և ասաց, որ այդ ողջ գերդաստանը գոյացել է շնորհիվ բուժքրոջ հերոսության:
Նա, շարունակելով շնորհավորանքի խոսքը, ընդգծեց, որ ինքը հպարտության զգացում է ապրել, երբ Բելառուսի դեսպանը մեդալներով պարգևատրել է Բելառուսի ազատագրմանը մասնակցած Արարատի մարզի վետերաններին, նաև՝ Խաչիկ Գևորգյանին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ 64 մեդալների և շքանշանների ասպետը նաև 63 օջախների քավոր է, իր ողջ կյանքում նա վաստակել է, և այժմ եկել է վայելելու ժամանակը: Հոբելյարին շնորհավորեցին, իսկ Ռուբիկ Աբրահամյանին, ընդգծված հարգանքի համար, շնորհակալություն հայտնեցին Կոտայքի մարզից եկած հյուրերը:
Հոբելյարը շնորհակալություն հայտնեց մարզպետին մշտական ուշադրության և իր տուն կատարած այցի համար:
Զանգակատնից հետո մարզի ղեկավարն այցելեց Տիգրանաշեն համայնք, տեղում ծանոթացավ 250 մ երկարությամբ խմելու ջրագծի անցկացման աշխատանքներին: Ջրագիծը, որ սնվում է ձորում` լեռնային աղբյուրների կուտակված ջրից, բարձր լեռան լանջով պետք է հասնի դպրոց:Աշխատանքների ընթացքում շինարարները հանդիպել են ժայռերի, որը ճեղքելու համար հարկավոր է լրացուցից ներդրումներ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դպրոցի տնօրեն Գեղամ Անդրեասյանին խոստացավ լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել, որպեսզի ջրագիծն և պոմպը սնող մալուխը ամբողջովին ծածկվեն հողով, ինչի շնորհիվ դպրոցը կապահովվի մշտական ջրամատակարարումով: