Նորություններ
Հավերժի որդին-Շիրազ
11.12.2015
Դեկտեմբերի 10-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակը:
Բեմը տոնական էր, դահլիճը` լեփ-լեցուն:
Շիրազի <<Գարնանամուտե>> ժողովածուով թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը բացեց հոբելյանական միջոցառումը: Նա ներկայացրեց Շիրազի մանկությունը, պատանեկությունը, գրականության մեջ նրա ասած նոր խոսքը: Գրական-երաժշտական երեկոյի ընթացքում հնչեցին Շիրազի հայրենասիրական, սիրային թեմաներով գրված բանաստեղծությունները: Ներկայացվեց նաև <<Հուշարձան մայրիկիս>> ժողովածուն:
Բանաստեղծությունները վարպետորեն ասմունքնեցին Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Ղազարյանը, Կամո Նաղդալյանը, Եվա Զաքարյանը, Քարմիլե Բաբաջանյանը: Յուրաքանչյուր ասմունք ընդմիջվում էր Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Գրիգորյանի կատարումներով: <<Անի>> երգը դահլիճն ընդունեց բուռն ծափահարություններով:
Հարուստ, բովանդակալից, ուսուցանող գրական-երաժշտական ցերեկույթը, որի հեղինակը թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն էր, նորից ու նորից ունկնդիրներին ճաշակեցնել տվեց Շիրազի բարձրարվեստ պոեզիան, տարավ շիրազյան տիեզերական աշխարհ: Գրական - երաժշտական երեկոն ֆիանսավորել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Միջոցառումն ավարտվեց հանդիսատեսի` գոհունակություն արտահայտող բացականչություններով ու ծափահարություններով: