Նորություններ
Հակոբ Մծբնա հայրապետի տոնը
14.12.2015
Դեկտեմբերի 12-ին Սուրբ Հակոբի տոնի կապակցությամբ նրա մասունքը` Աջը, մեծ շուքով Էջմիածնից բերվեց Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցի: Հավատավոր ժողովուրդը սրբի մասունքը դիմավորեց հանդիսությամբ. ճանապարհի երկու կողմերում շարված հավատավոր ժողովուրդը դիմավորելուց և խոնարհվելուց բացի, հաղորդակից եղավ նրա մասունքին` համբուրելով Հակոբ Մծբնա հայրապետի Աջը: Տոնի կապակցությամբ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի էին եկել Արարատի երեք տարածաշրջանների հավատավոր ժողովուրդը, ինչպես նաև հոգևոր այրերը: Տոնն սկսվեց սուրբ և անմահ Պատարագով: Պատարագիչ քահանա Տեր Դավիթ Կյուրեղյանը պատարագի ընթացքում մեկնեց օրվա խորհուրդը` ներկայացնելով Հակոբ Մծբնեցու կյանքը, ասելով, որ նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրոջ որդիներից է, երկար տարիներ ապրել է ճգնավորի կյանքվ, ապա կարգվել է Մծբին քաղաքի եպիսկոպոս, սակայն շարունակել է ճգնավորի կյանքը: Տեր Դավիթը պատմեց նաև Սուրբի հրաշագործությունները՝ նա բուժել է հիվանդներին, ընկնավորներին, բորոտներին, հաշմանդամներին: Այնուհետև հոգևոր հովիվն ասաց, որ պատմական Մծբնիում նրա անվամբ եկեղեցին ավերվելուց հետո, համանուն եկեղեցի է կառուցվել պատմական Ակոռի գյուղում, որից հետո Սրբի անունն անմահացել է Արարատի մարզի Մրգավան համայնքում` Սուրբ Հակոբ եկեղեցի կառուցելով: Տեր Դավիթը մաղթեց, որ Սուրբ Հակոբ Մծբնեցու աջը նորոգի հավատավոր ժողովրդի հավատը, զորացնի, պահապան լինի սահմանում կանգնած զինվորին, հողագործին, ճամփորդին, ողջ հայ ժողովրդին:
Մրգավանի սուրբ Հակոբ եկեղեցին մարզում միկն է, որ չի վերածվել ախոռի, պահեստի և չի ավերվել՝ շնորհիվ մրգավանցի ժողովրդի, որոնք բահով, քլունգով, եղանով դուրս եկան աթեիստների դեմ և թույլ չտվեցին ավերել և ավարել եկեղեցին:
Օրը ավարտվեց մատաղի արարողությամբ: