Նորություններ
«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր
14.12.2015
Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սրահում Կոտայքի, Լոռու, Արարատի մարզի գեղարվեստի, արվեստի 22 դպրոցների 100 սաներ ցուցադրեցին 60-ից ավելի գեղարվեստական աշխատանքներ՝ փայտարվեստի, խեցեգործության, գոբելենի գեղեցիկ նմուշներ, ինչպես նաև վիտրաժներ: «Մենք ենք մեր մարզը>>, մանկապատանեկան մարզային մշակույթի օրերը միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի մարզպետարանի կրության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Թատրոնի սրահում մշակույթի նախարարը դիտեց երեխաների աշխատանքները` չթաքցնելով իր հիացմունքը:
Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները նախարարին նվիրեցին իրենց ստեղծագործություններից: Այնուհետև Հասմիկ Պողոսյանը թատրոնի դահլիճում մասնակցեց երաժշտական դպրոցի սաների համերգին, որոնք հանդես եկան Բախի, Պեշեկի, Պոստի, Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով, ազգագրական, եվրոպական պարերով: Հասմիկ Պողոսյանը, ամփոփելով միջոցառումն, ասաց, որ մշակույթի նախարարության «Մենք ենք, մեր մարզը>> ծրագիրը, որ նպատակաուղղված է մարզերի երեխաների գեղարվեստական դաստիարակությանը, գործում է 2012 թվականից, և արդյունքը շատ գոհացուցիչ է: Մարզերում զարգացնել արվեստը նշանակում է շունչ ու կենսունակություն հաղորդել մարզերին, ինչպես նաև ապակենտրոնացնել մշակույթը: Միջոցառումը մշակույթի նախարարն ավարտեց անակնկալով. Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը մշակույթի զարգացման մեջ ունեցած ներդրման և ծննդյան 60-այակի կապակցությամբ պարգևատրվեց մշակույթի նախարարության <<Նարեկացի>> հուշամեդալով ու պատվոգրով: Կոտայքի մարզպետարանի համանուն բաժնի պետ Արա Սիմոնյանը և Արարատի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Սարգսյանը ևս պարգևատրվեցին «Նարեկացի>> հուշամեդալով և պատվոգրով:
Միջոցառման մասնակից երեխաները Ամանորը կանցկացնեն Երևանում, կմասնակցեն տոնական հանդեսներին, կայցելեն թանգարաններ: