Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

28.12.2015

Դեկտեմբերի 28-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ամփոփել 2015 թվականը։ Մարզի ղեկավարը անդրադարձել է 2015 թվականին կատարված աշխատանքներին, ինչպես նաև նախանշել 2016 թվականին իրականացվելիք որոշ ծրագրային ուղղություններ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծել է, որ, չնայած տարբեր ոլորտներում առկա դժվարություններին, 2015 թվականի ընթացքում մարզի տարբեր բնագավառներում արձանագրվել են ձեռքբերումներ։
Մարզի ղեկավարը հանգամանալից անդրադարձել է տարբեր ոլոորտներում իրականացված աշխատանքներին՝ խոսելով կրթության, առողջապահության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում արձանագրված ցուցանիշների մասին։
Կրթության ասպարեզին վերաբերող ծրագրային աշխատանքերից մարզպետն առանձնացրել է հանրակրթական ուսուցման, ներառական ու նախադպրոցական կրթության ենթաոլորտներում իրականացված ծրագրերն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով <<Տաք սնունդ>> ծրագրին մասնավորապես՝ Ռուբիկ Աբրահամյանն առանձնահատուկ կերպով շեշտել է մարզի 107 դպրոցներում այս ծրագրի հաջող մեկնարկն ու շարունակական ընթացքը, որի շնորհիվ տարրական դասարանների 14205 աշակերտ ստանում է տաք սնունդ։
Մարզպետարանի ծրագրերով կատարվել է մի քանի մանկապարտեզների ինչպես վերանորոգում, այնպես էլ վերաբացում։
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ մարզպետ Աբրահամյանը առանձնահատուկ կարևորությամբ ներկայացրել է 2015 թվականին՝ 2014 թվականի հետ համեմատությամբ, ավելացված 941 հա ցանքատարածությունների փաստը։ Ըստ մարզպետի՝ այս տարի արձանագրված պտուղ-բանջարեղենի առատ ցուցանիշները առաջացրել են իրացմանն առնչվող դժվարություններ, սակայն հողագործների և մթերողների հետ ակտիվ համագործակցությունն ու տարվող ամենօրյա աշխատանքը տվել է ցանկալի արդյունքը։ Բացի այդ, Ռուբիկ Աբրահամյանը շեշտել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը նպաստել է նաև ջերմատնային ցանցերի ավելացումը։
Հանրապետության համախառն արտադրանքի 14․8 տոկոս արտադրական ցուցանիշ ունեցող և գյուղատնտեսությունը որպես գերակա ճյուղ ենթադրող Արարատի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվել է նաև 25 նոր հակակարկտային կայանների տեղակայմամբ և 2016 թվականի սկզբին մեկնարկող Վեդիի ջրամբարի կառուցման նախատեսմամբ, որը կթեթևացնի մարզի ոռոգման համակարգի գերբեռնվածությունը։
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, անդարադառնալով քաղաքաշինության ոլորտին ևս, խոսել է Կառավարության ֆինանսավորմամբ իրականացված դպրոցների հիմնանորոգման ու ճանապարհաշինարարության մասին։
Մարզի բնակչությանը մաղթելով առողջություն և կարևորելով առողջապահության ոլորտը՝ մարզի ղեկավարն անդրադարձել է 3 ամբուլատորիաների վերանորոգման ու 2016 թվականից սկսվող Արտաշատի ԲԿ-ի հիմնանորոգմանը։ Մարզի 55 բուժհաստատություններում 2015 թվականին իրականացվել են աշխատանքներ, որոնք վերաբերել են վերանորոգման, տեխնիկական վերազինման ու այլ հարցերին։
Արարատի մարզպետը ներկայացրել է նաև 2016 թվականի համար նախատեսված նախնական ծրագրային մոտեցումները և հավաստիացրել, որ առկա են բոլոր նախադրյալները մարզի զարգացման ծրագրով նախատեսված գործընթացները եկող տարում ևս պատշաճ կերպով իրականացնելու համար:
Մարզի ղեկավարը առանձնահատուկ կարևորել է Արարատի մարզում առաջնահերթ պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ Նախագահի և Կառավարության շահագրգիռ մոտեցումները, որոնք էլ հիմք են հանդիսանում մարզում բազմաթիվ դրական զարգացումների ապահովման համար:
Շեշտելով, որ արձանագրված ձեռքբերումները պարտավորեցնող են, իսկ որդեգրած քաղաքականությունը՝ շարունակական, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ավարտին շնորհավորել է գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել, որ խաղաղության ամրապնդման, տնետասական բարգավաճման ու սիրո առատության հետ մեկտեղ բոլորին ուղեկցի ամուր կամքն ու լավատեսությունը։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 15:25:34