Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

28.12.2015

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հ.Օհանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նիստի սկզբում մարզպետի առաջարկությամբ ներկաները մեկ լոպե լռությամբ հարգեցին մարզի բնակիչների` Հայրենիքի պաշտպանության մարտերում տարվա ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև նիստում լսվեցին օրակարգային հարցերը:
2015 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքները ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյանը: Իր զեկույցում նա նշեց,որ չնայած այս տարի տեղացած կարկուտի, տարին բավականին բարեհաջող էր և բարեբեր: Մարզի գյուղատնտեսության բնագավառում ձեռքբերումները նշանակալի են, ցուցանիշները ` բավականին բարձր: Այս հաջողությունների գործում մեծ է պետության, գյուղատնտեսության ոլորտը սպասարկող կազմակերպությունների, ինչպես նաև հողօգտագործողների հետ տարվող համատեղ աշխատանքի դերը:
Այս տարի զգալիորեն ավելացել են ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ 1 հա-ից միջին բերքատվությունը: Մարզում արտադրվել է պտուղ և հատապտուղ 90 000տ, որից մթերվել է 1934տ, խաղող՝ 125150տ, որից մարզի 17 գործարանների կողմից մթերվել է 104319տ, բանջարեղեն՝ 346000տ, որից մթերվել է 15472տ, բոստան՝ 88000տ, հացահատիկ և հատիկաընդեղեն՝ 34168տ, կարտոֆիլ՝ 28880տ:Ընդհանուր մարզում ավելացել է 928.1 հա, ցանքերի տարածքը հասնելով 23911.1 հա-ի,որը արդյունք է նաև պետական աջակցության ծրագրերի և անխափան ջրամատակարարման:
2015թ. մարզի 26 համայնքներին հատկացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, գարնանը մարզի 90 համայնքներին բաշխվել է անվճար առվույտի, եգիպտացորենի, գարու սերմացուներ, վերջերս 16 համայնքներում տեղադրվել են 25 հակակարկտային կայանքներ:Մարզում իրականացված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակներում 2015թ. ընդգրկվել է 77 համայնք, նախորդ տարվա 53 համայնքի փոխարեն:
2015թ. մարզի ոռոգման համակարգում սկսվել և ընթացքի մեջ է հսկայածավալ ներդրումների գործընթացը: Սկսվել են Վեդու ջրամբարի մոտ 75 մլն եվրո արժողությամբ կառուցման նախագծային աշխատանքները:  Քաղցրաշեն ինքնահոս ջրանցքի կառուցման համար կներդրվի մոտ 12.3 մլն դոլար: 2013 թ. մարզում գործող 1379-ից այսօր գործում է 1307 խորքային հոր:  Լուծարվել,կոնսերվացվել և փականային ռեժիմի են բերվել խորքային հորեր,որի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է 16187 լ/վ: 2015թ. մաքրվել է 94.6 կմ դրենաժ, ծախսվել է 116 մլն դրամ:
Մարզպետ Ռ.Աբրահամյանը ևս ընդգծեց գյուղատնտեսական տարում ունեցած հաջողությունները և կատարված լայնածավալ աշխատանքները:Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը գյուղատնտեսական բոլոր գործընթացներում աջակից լինելու և հիմնախնդիրների լուծման համար հողագործներին սատար կանգնելու համար:Մարզպետն նշեց նաև համատեղ իրականացված աշխատանքներում համայնքների ղեկավարների հանդես բերած ակտիվությունը հատկապես խաղողի մթերման գործընթացի ժամանակ:
Արարատի մարզի համայնքների 2016 թվականին իրականացվելիք վարչական հսկողության աշխատանքային ծրագրի մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը: Մարզխորհրդի անդամներին նա տեղեկացրեց, թե ըստ հաստատված ծրագրի որ համայնքներում և որ ժամանակահատվածում է նախատեսվում իրականացնել վարչական հսկողություն:
Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամաբ վարչական հսկողության և ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների մասին զեկուցեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լ.Խաչատրյանը: 2015թ. ընթացքում համայնքների ղեկավարների կողմից տրվել է 275 շինարարության թույտվություն, շինարարության ավարտական փաստագրման 58 ակտ, ներկայացվել է հողի գործառնական նշանակության փոփոխության 23 առաջարկություն,որից 12-ին տրվել է համաձայնություն:Վարչական հսկողություն իրականացնող վարչության մասնագետները ուսումնասիրել են 32 համայնքների ղեկավարների կողմից քաղաքաշինության բնագավառում պարտադիր լիազորությունների կատարման ընթացքը:Մնացած համայնքներում ուսումնասիրությունները կատարվել են ըստ անհրաժեշտության:Աշխատանքներ են տարվում մարզի կրթական հաստատություններում երեխաների տաք սնունդ ապահովելու շրջանակներում շենքային պայմանների ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ: 2015թ. ՀՀ պետական բյուջեով Արարատի մարզպետարանին հատկացված գումարով իրականացվել են կրթական 7 օբյեկտների ծրագրեր:  Ծրագրերի համար նախատեսված գումարից տնտեսվել է 64.7 մլն դրամ, որն ուղղվել է ևս 10 կրթական օբյեկտների վերանորոգման աշխատանքների վրա:  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին հատկացվել է 630 մլն դրամ:  Ծրագրի շրջանակներում նախատեսվել է իրականացնել համայնքների գազաֆիկացման, բազմաբնակարան շենքերի տանիքների,կրթական, առողջապահական,մշակութային օբյեկտների շինարարության, բակերի և ճանապարհների ասֆալտապատման, համայնքներին կապիտալ սուբվենցիաների տրամադրման և այլ ծրագրեր:Այստեղ էլ տնտեսված գումարն ուղղվել է 11 օբյեկտների շինաշխատանքների իրականացմանը:
Այլ միջոցներով և համայնքային բյուջեներով նույնպես ծրագրեր են իրականացվում: Ամերիկյան Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի կողմից շուրջ 64 317,27 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ աշխատանքներ են իրականացվել Զանգակատուն համայնքում: Այնթապ համայնքի բյուջեի հաշվին ընթանում են համայնքի մշակույթի տան մասնաշենքի 77 523,420 ՀՀ դրամ արժողությամբ կառուցապատման աշխատանքները: Համայնքային բյուջեների միջոցով կատարվելու են շուրջ 60 մլն դրամի խմելու ջրի և գազատարների ներքին ցանցի կառուցման և վերանորոգման աշխատանքներ, կատարվել են շուրջ 347 մլն դրամի կոպճապատման, ասֆալտապատման և փոսային նորոգման աշխատանքներ:Տարվա ընթացքում մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է 8 մլրդ 259,7 մլն դրամ: Ընթացիկ տարում մշտապես այցելություններ են կատարվել համայնքներ,մարզպետի հանձնարարությամբ մեկ անգամ ևս ուսումնասիրվել է մարզի հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, մշակութի օբյեկտների,բուժամբուլատորիաների առաջնահերթ շինարարական խնդիրներ ունեցող օբյեկտների ցանկը:
Ընթացիկ տարվա 11 ամիսների համայնքների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը: Վարչության պետը ներկայացրեց սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշները:Հողի հարկի,գույքահարկի,տեղական տուրքերի,հողի վարձավճարների հավաքագրմանը զուգընթաց, նա մատնանշեց կատարողականի ցածր ցուցանիշներ ունեցող համայնքները, արձանագրված ձեռքբերումները և բացթողումները:Ոլորտի պատասխանատուներին մարզպետը հանձնարարեց ձեռնարկել միջոցառումներ համայնքների 2015թ. բյուջեների կատարման ուղղությամբ:
Նիստի ընթացքում արտահայտվեցին համայնքի ղեկավարներ, հնչեցին հարցեր, առաջարկություններ,մարզպետի կողմից տրվեցին այլ հանձնարարականներ:
Ամփոփելով տարեվերջյան նիստը,մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ամբողջ տարվա ընթացքում աջակցել են տարբեր բնագավառներում ձեռք բերված հաջողությունների և հիմնախնդիրների լուծման աշխատանքներին: Եվ չնայած զգալի ձեռքբերումներին, մարզի ղեկավարը 2016 թվականին աշխատանքներում առաջընթաց և ավելի բարձր արդյունքներ է ակնկալում: Նիստի ավարտին մարզպետը ներկաներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ, ցանկանալով առողջություն ու երջանկություն հայ ընտանիքներին, խաղաղություն և աշխատանքային նոր նվաճումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 09:52:57