Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

15.03.2016

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Նախարարը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով:

Դավիթ Լոքյանը ողջունել է Իրանի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը: Նախարարը նշել է, որ Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի փոխշահավետ համագործակցություն:
Մոհամմադալի Նաջաֆին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար: Ներկայացնելով նահանգի տնտեսական ներուժը՝ նահանգապետը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում: Նահանգապետը տեղեկացրել է, որ վաղը պատվիրակությունը, որի կազմում են նաև մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերող այլ հարցեր:  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայք

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15