Նորություններ
Շամլյան վարժարանի սաների այցը
21.03.2016
Մարտի 21-ին ԱՄՆ-ի Գլենդել նահանգի Շամլյան վարժարանի 150 սաներ՝ ծնողների, ուսուցիչների ղեկավարությամբ, այցելեցին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի դպրոց: Մինչ դպրոց գալը հյուրերը եղան Խոր Վիրապում, ծանոթացան նրա պատմությանը, այնտեղ կատարվեց օրհնության կարգ: Դպրոցի մուտքի մոտ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը ողջունեցին հյուրերին, իսկ Փոքր Վեդու դպրոցականները հանդիսավոր տողանով, աղ ու հացով դիմավորեցին նրանց: Դպրոցի տնօրեն Արթուր Հարությունյանի և ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները մտան դասարաններ, ծանոթացան իրենց հասակակիցների հետ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը. Վահան և Անուշ Շամլյանների հիմնադրած բարեգործական ազգային վարժարանի սաները դպրոցի բակում ծառեր տնկեցին: Գրող Հակոբ Օշականի ծոռը՝ Ատոմ Օշականը, նորատունկն անվանեց Միասնության ծառ:
12 տարվա բարեկամական այցի ընթացքում վարժարանի տարբեր տարիների շրջանավարտները տնկել են 250 ծառ: Այդ մեծ այգին անվանակոչվել է «Բարեկամության այգի»: Փառքի սրահ այցելելուց, գյուղի պատմությանը, ինչպես նաև ազատամարտիկների կենսագրությանը ծանոթանալուց հետո հյուրերը մշակույթի տան դահլիճում մասնակցեցին Փոքր Վեդու գեղարվեստի դպրոցի սաների ուժերով կազմակերպված համերգին:
Միջոցառումից առաջ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանն, իր և մարզպետի անունից ողջունելով հյուրերին, ասաց.
-Արդեն 12 տարի է, ինչ Շամլյան վարժարանի և Փոքր Վեդիի դպրոցների միջև ստեղծվել է բարեկամության կամուրջ, որով շարունակվում են փոխադարձ այցելությունները: Դուք հյուրեր չեք, այլ մեր զավակները, որ եկել են հայրական տուն:
Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ այցելությունների շնորհիվ սաներից շատերը Փոքր Վեդիում ունեն հարազատ օջախներ: Համերգի ընթացքում հնչեցին ազգագրական երգեր: Գեղարվեսի դպրոցի սաները հանդես եկան ազգագրական պարերով:
Ամբողջ դահլիճը դատարկվեց: Հյուրերը միացան «Քոչարի», »Վերվերի» պարող աշակերտներին: Երկու դպրոցների սաները հանդես եկան զուգերգով: Հյուրերի պատվին կազմակերպված տոնական ճաշկերույթից հետո Արթուր Հարությունյանը պատվիրակության ղեկավար Վահան Մեհրաբյանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Զինանշանների հանրագիտարան» գիրքը և 150 օրհնված խաչեր:
Հյուրերը Փոքր վեդու դպրոցին նվիրեցին հիգիենիկ պարագաներ, ֆուտբոլի գնդակներ, պատկառելի գումար դպրոցի կարիքները հոգալու համար: