Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարձրաշենցիները մեծարել են իրենց հերոսներին

17.05.2016

Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից են Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչներ, ժամկետային զինծառայողներ <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճան շքանշանի և Արիության Մեդալի արժանացած Նարեկ Մալխասյանը, ով նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը և Մանուկ Սրկոյանը, ով ցուցաբերած քաջության համար արժանացել է Արիության մեդալի։
Մայիսի 17-ին հարազատ ծննդավայրում քաջարի զինվորների մեծարման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։
Միջոցառման սկիզբն ազդարարվել է մայիսյան եռատոնին նվիրված ցերեկույթով, որի ընթացքում բարձրաշենցի դպրոցականները հանդես են եկել ազգային ու հայրենասիրական երգի, պարի կատարումներով, հայրենիքին ու հայ զինվորին ձոնված շնորհակալանքի ու նվիրումի խոսքերով։
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, իր և ամբողջ հայության անունից հանդես գալով շնորհակալանքի խոսքով, ասել է, որ մեր պարտքն է հիշել բոլոր հերոս տղաներին և նույն արիական ոգով դաստիարակել մատաղ սերնդին․
- Մեր սահմանների անառիկության ու խաղաղ լուսաբացների համար մենք պարտական ենք մեր զինվորներին, որոնք հարկ եղած դեպքում ելնում են կենաց ու մահվան պայքարի։ Մեր պարտքն է խոնարհումով մոտենալ և շնորհակալ լինել նրանց ծնողներին հայրենիքին արժանի զավակներ մեծացնելու համար։

Բարձրաշեն համայնքի ղեկավար Սուրեն Սարգսյանը, որի ջանքերով   էլ կազմակերպվել էր  զինվորների մեծարման  երեկոն, իր խոսքում ևս կարևորել է մատաղ սերնդի հայեցի  դաստիարակությունն ու հայ ծնողի անուրանալի դերը հայրենասեր քաղաքացի դաստիարակելու գործում։

Հանդիպման ընթացքում հնչած ելույթները հայ զինվորի արիության ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու երևույթի մասին էին, որի ականատեսը դարձանք  նաև ապրիլյան օրերին։
Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայրենիքին մատուցած ծառայությունների և մարտի դաշտում ցուցաբերած բացառիկ արիության համար Նարեկ Մալխասյանին և Մանուկ Սրկոյանին հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ։
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15