Նորություններ
Մարզխորհրդի նիստ
28.06.2016
Հունիսի 28-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը:Նա նշեց,որ գյուղատնտեսական տարին թեժ շրջան է թևակոխել և վճռորոշ նշանակություն ունի հողագործի և գյուղատնտեսությունը սպասարկող պատասխանատուների համար:Խոսելով բնության կողմից հասցված այն վնասների մասին, որ կրում է գյուղատնտեսությունը տարվա ընթացքում, Հ.Տերտերյանն ընդգծեց, որ այս գործում մեծ է պետության՝ կառավարության դերը, որը նույնիսկ սուղ հնարավորության պայմաններում մշտապես կանգնած է հողագործի կողքին,ինչպես նաև կարևորեց հողագործի հետ իրականացվող մարզպետարանի արդյունավետ աշխատանքը: Զեկուցողը հավելեց,որ մարզում շարունակվում է ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ներկրումը,մատչելի գներով մարզին հատկացվել է բարձր որակի գարնանացան գարու և առվույտի սերմացու, ուստի համայնքների ղեկավարներին առաջարկվեց պարարտանյութը և դիզելային վառելանյութը արագ և կազմակերպված հասցնել գյուղացիական տնտեսություններին ու մարել պարտքերը: Վարչության պետը մարզխորհրդի մասնակիցներին տեղեկացրեց, որ Արարատի ԳԱՄԿ-ը մարզի 55 համայնքներում տարբեր թեմաներով իրականացրել է սեմինար ուսուցում: ԳԱՄԿ-ի խորհրդատուները ներգրավված են ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող 178.85 մլն դրամ արժողությամբ ՛՛Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման՛՛ ծրագրում, որում մայիսի 30-ի դրությամբ ընդգրկված են 77 համայնք, 384 հողօգտագործող: ՀՀ գյուղնախարարության ՛՛Ագրոքիմիական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի կողմից այս տարի մարզի 20 համայնքներում իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական դաշտային և լաբորատոր հետազոտություններ: ՛՛Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ը մայիսի 30-ի դրությամբ անցկացրել է պետական պատվերով նախատեսված բոլոր միջոցառումները, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնը՝ անասնաբուժական միջոցառումների մեջ ընդգրկված անասնագլխաքանակի ախտորոշիչ բոլոր միջոցառումները: 46 տնտեսվարողների մոտ կատարվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ:Մարզում առկա է 92 հակակարկտային կայանքները անցած ամիսների ընթացքում վնասազերծել են 64 կարկտավտանգ պրոցես: Մարզի 6 ջրօգտագործող ընկերությունների կողմից գարնան հսկայածավալ աշխատանքներից հետո սկսվել է անխափան ջրամատակարարումը: Անցյալ տարվա այս ժամանակահատվածի դրությամբ բարձր է ջրի վարձավճարների հավաքագրման ցուցանիշները, ինչը երաշխիք է անխափան ջրամատակարարման:Ավարտին է մոտենում ծիրանի և վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը, ծիրանը իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է:
Արարատի մարզի համայնքների 2016 թվականի 5 ամիսների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Զեկույցի ընթացքում վարչության պետը խոսեց սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշներից: Մարզպետը հանձնարարեց ըստ հարկատեսակների վարձավճարների գանձման ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարների հետ քննարկել և 3-օրյա ժամկետում ձեռնարկել միջոցառումներ՝ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու համար, որից հետո՝ հուլիսի առաջին տասնօրյակում ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
2016թ. 1-ին եռամսյակում մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը: Ներկայացված տեղեկատվության վերաբերյալ արտահայտվեցին մարզպետ Ռ. Աբրահամյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը: Վարչության պետին հանձնարարվեց հետևողական լինել մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքում արձանագրված թերությունների վերացման գործում:
Մարզխորհրդի անդամների առաջարկությամբ օրակարգում ավելացված հարցի՝ մարզի մթերող կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց գյուղացիական տնտեսություններին չվճարված գումարների վճարման վերաբերյալ խոսեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ներկայացնելով ներկա իրավիճակը, մարզի ղեկավարը նշեց, որ գումարների հիմնական մասը վճարված է, վճարումները շարունակվում են, և գործընթացը կավարտվի մոտակա ժամանակահատվածում: Նկատի առնելով անցյալ տարվա մթերումների ընթացքում առաջացած որոշ խնդիրները, մարզպետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գյուղացիական տնտեսությունների և մթերող կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը, իսկ համայնքների ղեկավարներին առաջարկեց հնարավորինս աջակցել գյուղացիական տնտեսություններին պայմանագրերի կնքման գործում:
Նիստի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանի կողմից հարցեր և առաջարկություններ ուղղվեցին ղեկուցողներին և մարզխորհրդի անդամներին, առաջարկություններ արվեցին նաև համայնքների ղեկավարների կողմից, քննարվեցին հարցերի լուծման ուղիներ: Այնուհետև նիստն ամփոփեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով արծարծված հարցերին,մարզպետը ներկաներին հորդորեց իրենց աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ,և ընդծեց, որ մշտապես պատրաստ է տարատեսակ խնդիրների լուծման նոր առաջարկներ քննարկել ու սատար կանգնել ցանկացած նոր նախաձեռնությանը, որը նպատակաուղղված կլինի թեթևացնելու մարզի ազգաբնակչության հոգսերը: