Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
08.07.2016
Հուլիսի 8-ին Արարատի մարզում էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և հյուրերի փոխադարձ ծանոթությունից հետո դեսպանը ներկայացրեց առաքելության նպատակը: Նա ասաց, որ համաձայն տարածաշրջանների համաչափ զարգացման ծրագրի, իրենք նպատակ ունեն ներդրում անելու Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում: Սեպտեմբերին Արարատի և Արմավիրի մարզերում, համապատասխան ծրագրի հաստատումից հետո, հնարավոր է պատկառելի ներդրումներ ոռոգման համակարգի զարգացման գործում: Դեսպանը հետաքրքրվեց անասնապահությամբ, ձկնաբուծությամբ և խավիարի արտադրությամբ: Նա նշեց, որ կան ոլորտներ, որտեղ Արարատի մարզը և Լիտվան կարող են համագործակցել:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրեց մարզի կառուցվածքը, խոսեց կրթական համակարգի, առողջապահության, սոցիալական, քաղաքաշինության ոլորտներում ձեռքբերումների մասին: Մարզի ղեկավարը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում, կառավարության օգնության, մարզպետարանի և համայնքապետերի համատեղ ջանքերի շնորհիվ ավելացել են մշակվող հողատարածքների քանակը, ինչի հետևանքով մարզում աճել է ոռոգման ջրի պահանջարկը: Ոռոգման ներքին ցանցը նորացնելու համար պատկառելի ներդրումներ են անհրաժեշտ:
Շարունակելով զրույցը` դեսպանը հետաքրքրվեց Արարատի մարզում արտերկրից եկած ներդրողներով, ինչպես նաև ծաղկաբուծական ջերմոցային տնտեսություններով:
Մարզի ղեկավարն ասաց, որ տեղացի գործարարներ են ներդրում կատարողները, միաժամանակ ընդգծեց, որ կան համայնքներ, որտեղ ծաղկաբուծական ջերմոցային տնտեսությունները մեծ թիվ են կազմում, և ծաղիկները իրացվում են արտերկրի շուկաներում: Մարզում գործում է նաև ձմեռային և ամառային չրանոցները, ջրերի արտադրման գործարանը, ինչպես նաև գյուղացիներից մթերված, ապա վերամշակված ու պահածոյացված արտադրանքը արտերկիր են արտահանում բազմաթիվ մթերող կազմակերպություններ: Զրույց ծավալվեց նաև հյուսիս-հարավ ճանապարհի շարունակության, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներ իրար կապող նրա` ռազմավարական նշանակության մասին:
Վերջում հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակումով: