Նորություններ
,,ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚' համահայկական փառատոնը Արարատի մարզում
01.08.2016
Հուլիսի 28-ին Արարատի մարզում մեկնարկեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան՚' համահայկական փառատոն-ծրագիրը: Համահայկական 3-րդ փառատոնին մարզ ժամանեցին պարի 14 խմբեր` Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից, Բելառուսից, Էստոնիայից, Արգենտինայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից:Երկու մասերի բաժանված խմբերն ելույթ ունեցան Արարատում և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ինչպես նաև Արտաշատի քաղաքապետարանի համանուն ստորաբաժանման աշխատողները:
Պարային համույթների ներկայացան ազգային, ազգագրական կատարումներով: Հյուրերը փառատոնից հետո շնորհակալություն հայտնեցին Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանին, հանդիսատեսին` ջերմ ընդունելության համար:
,,Իմ Հայաստան՚' համահայկական փառատոն-ծրագրի նպատակն ու խնդիրներն են` նպաստել սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, աջակցել համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, սատարել համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, օժանդակել ժամանակակից հայ արվեստի զարգացմանը և հանրաճանաչմանը, նպաստել մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, պայքարել սփյուռքի օտարացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ, ներգրավել սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ազգային մշակույթի պահպանության գործին, ստեղծել համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ: Ծրագրի նպատակներից է նաև ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարանի ստեղծման միջոցով Հայաստանում Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: