Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն

26.08.2016

  Օգոստոսի 25-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Արարատի մարզի ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որը վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ և փոխտնօրեններ,ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:
Խորհրդակցությանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը հանդես եկավ զեկուցումով և խոսեց 2015-16 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, նվաճումների և 2016-17 ուսումնական տարվա ծրագրերի, անելիքների մասին: Նա նշեց, որ նոր ուսումնական տարում նախնական տվյալներով մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 33 030 երեխաներ, որից 3 922-ը՝ առաջին դասարան: Հասմիկ Գասպարյանն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից հանրակրթական ոլորտում իրականացված բազմաթիվ ծրագրերին՝ հատկապես մատնանշելով ուսման որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող պետական միջոցառումները, դպրոցաշինության աշխատանքները, ինչպես նաև դպրոցական սնունդ ծրագրին,որն իրականացվել է մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում:Խոսելով արձանագրված հաջողությունների մասին, նա առանձնացրեց նաև առկա խնդիրները և բացթողումները:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ դպրոցական ծրագրերի բեռնաթափման, 12-ամյա կրթական համակարգի բարեփոխումների, միասնական և ավարտական քննությունների կազմակերպման, ինչպես նաև բուհերում անվճար հիմունքներով ընդունելության կարգի փոփոխության, ներառական կրթության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ բարձրացված հարցերին:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորելով խորհրդակցության մասնակիցներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` ընդգծեց, որ մանկավարժների պարտքն է ապահովել ուսման բարձր որակը, նպաստել դպրոց-ծնող-համայնք կապի ամրապնդմանը, ինչը ևս կնպաստի ուսման որակի բարձրացմանը: Ռուբիկ Աբրահամյանն  ավելացրեց, որ ՀՀ կառավարությունն ամեն տարի ավելացնում է հանրակրթական ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական ներդրումների ծավալը:
Մարզի ղեկավարը, եզրափակելով ելույթը, հաջողություն մաղթեց մանկավարժական կոլեկտիվներին, համոզմունք հայտնելով,որ մարզի մանկավարժները կանեն ամեն ինչ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործը պատվով կատարելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23