Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շնորհավորեց մանկավարժներին

01.09.2016

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքները  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն սկսեց հայրենի գյուղի դպրոցից։ Տոնական տրամադրություն էր՝ զորավար Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան Այնթապի առաջին միջնակարգ դպրոցում։ Տնօրեն Լիլյա Շահբազյանի, ուսուցչական կոլեկտիվի, ծնողների տոնական տրամադրությունը կրկնապատկվեց մարզպետի այցով։

Տիկին Շահբազյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ այցելության, ինչպես նաև դպրոցի սանհանգույցների նորացման համար։ Նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհավորեց ուսուցչական կոլեկտիվին, ծնողներին, համագյուղացիներին, հատկապես նրանց՝ այն 42 փոքրերին, որոնք առաջին անգամ ոտք են դնում առաջին դասարան։ Մարզի ղեկավարն ընդգծեց, որ ուսման որակի բարձրացման արդյունք է, որ դպրոցի շրջանավարտներից  20-ը ընդունվել են պետական բուհեր։ Մարզպետը հորդորեց մանկավարժներին կրկնապատկել, քառապատկել ջանքերը ուսման որակի, աշակերտների առաջադիմության բարձրացման գործում։ Բուռն ծափահարություններով ընդունվեցին մարզպետի ջերմ շնորհավորանքներն ու հորդորները․ նույն պահին օդ բարձրացան աշակերտների մաղթանքներով մակագրված օդապարիկների փնջերը։ Առաջին զանգը հնչելուց հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհավորեց առաջին դասարանցիներին, այս անգամ իրենց դասարաններում։  

Տոնական օրվա շնորհավորանքները մարզի ղեկավարը շարունակեց  Նոր Խարբերդ համայնքի Թլկատինցու անվան առաջին դպրոցում։ Տնօրեն Նարինե Սարգսյանի աշխատասենյակում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հետաքրքրվեց առաջին դասարանցիների քանակով և ուրախությամբ արձագանքեց, որ դպրոցն ունի 62 առաջին դասարանցիներ։ Ինչպես բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում, այստեղ էլ մարզի ղեկավարն այցելեց ճաշարան, մանրամասն հետաքրքրվեց տաք սննդի մատակարարմամբ, որակով, ճաշարանի սանիտարական վիճակով։

Սեպտեմբերի 1-ը Խարբերդի դպրոցում նշանավորվեց հիշատակի և ոգեկոչման արարողությամբ․ ՆԶՊ կաբինետը հանդիսավոր արարողությամբ անվանակոչվեց ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված 25-ամյա ավագ-լեյտենանտ,  ԼՂՀ և ՀՀ նախագահների մեդալներով հետմահու պարգևատրված Աշոտ Զոհրապյանի անունով։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով դպրոցին և խոնարհումը՝  հերոսի մորը՝ Անահիտ Զոհրապյանին, ասաց, որ այս կաբինետը ռազմահայրենասիրական ուսուցման դասարան լինելուց բացի, նաև յուրօրինակ ուխտատեղի է բոլորիս համար, որովհետև այստեղ թևածում է հերոսի ոգին  ու շունչը։ Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի շնորհավորական ելույթին հաջորդեց հերոսի մոր՝ Անահիտ Զոհրապյանի հպարտությամբ ասված խոսքերը․ <<Ես հպարտ եմ, որ ազգին տվել եմ հերոս որդի>>։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36