Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզխորհրդի հերթական նիստ

29.09.2016

Այսօր տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,ողջունելով նիստի մասնակիցներին,շնորհավորեց վերընտրված և նորընտիր համայնքների ղեկավարներին: Մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, մարզպետն ընդգծեց մարզի բնակիչների շահերը պաշտպանելու և առաջնահերթ խնդիրներին ճիշտ լուծումներ տալու կարևորությունը և հորդորեց ջանք չխնայել աղգաբնակչության մոտ կառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը առավելագույնի հասցնելու ուղղությամբ :

Օրակարգի առաջին հարցի՝ մարզում կանխարգելիչ պատվաստումների վիճակի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ս.Խաչատրյանը:Նա ներկայացրեց առողջապահական հաստատությունների կողմից իրականացված միջոցառումները, գործընթացում հայտնաբերված բացթողումները և դրանք  շտկելու ուղղությամբ տարված աշխատանքները:

Նիստի հաջորդ օրակարգային հարցի՝ մարզում բերքահավաքի ընթացքի և մթերումների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հ.Տերտերյանը:Նա իր խոսքում նշեց, որ գյուղատնտեսական ամեն տարի իր բնորոշ առանձնահատկություններով տարբերվում է նախորդից և նոր խնդիրներ է առաջացնում հողագործների համար: Քանի որ ընթացիկ տարին այնքան էլ նպաստավոր չէր մարզի գյուղացիական տնտեսությունների համար,պետությունը սատար կանգնեց նրանց՝ տրամադրելով մատչելի գներով պարարտանյութեր, սերմացուներ, դիզելային վառելանյութ: ՀՀ կառավարության կողմից տրամադրված գումարներով այս տարի մարզում ավելացել է նաև հակակարկտային կայանների թիվը:Վարչության պետը ներկայացրեց մարզում արտադրված գյուղատնտեսական մթերքների ծավալները, ինչպես նաև հայտնեց, որ ընթացիկ տարում մարզում նորից ավելացել են մշակովի հողատարածքները:

Խոսելով մթերումների մասին, Հ. Տերտերյանն ասաց,որ այս տարի բոլորից շուտ բացվեց Երասխի գինու գործարանը, որի արդյունքում խաղողի բերքահավաքի և հանձնման կազմակերպված աշխատանքներ իրականացվեցին Պ.Սևակ, Երասխ, Արմաշ, Սուրենավան համայնքներում: Մյուս գործարանները մթերումները սկսեցին սեպտեմբերի 15-ից, արդյունքը՝ խաղողի մթերման բնականոն ընթացքն է: Վարչության պետը նշեց, որ հարցը մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է և հույս հայտնեց, որ բոլորի համատեղ ջանքերի ներդրումը կօգնի խաղողագործներին առանց կորուստների ավարտել գործընթացը:Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվեց շարունակել ուշադրության կենտրոնում պահել բերքահավաքի, հատկապես խաղողի մթերումների, ինչպես նաև աշնանացանի և ոռոգման ջրի մատակարարման գործընթացները: Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկեց մարզպետարանի համապատասխան վարչության և ՋՕԸ-ների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման և աշնանացանի հետ կապված աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Արարատի մարզի համայնքների 2016 թվականի ութ ամիսների բյուջեների կատարման ընթացքը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Եղիազարյանը: Վարչության պետը խոսեց սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշներից,հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, հողի վարձավճարների հավաքագրման գործընթացից: Կատարողականի ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին բյուջեների կատարման բացթողումները լրացնելու համար առաջարկվեց առավել ակտիվ աշխատանքներ տանել բնակչության հետ:

Նիստի ընթացքում հնչեցին հարցեր և առաջարկություններ համայնքների ղեկավարների կողմից, քննարկվեցին հարցերի լուծման ուղիներ,տրվեցին հանձնարարականներ: Օրակարգի հարցերի հետ կապված իր առաջարկություններն ու լուծման ուղիներն առաջարկեց նաև նիստին ներկա  ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը: Նշելով, որ Արարատի մարզը իր ցուցանիշներով միշտ առաջիններից է եղել, նա հորդորեց բարձր պահել նշաձողը և վստահեցրեց, որ մտահոգիչ հարցերը, նախարարությունում քննարկվելուց հետո, համապատասխան ընթացք կստանան:Մարզխորհրդի  նիստն ամփոփեց մարզպետ Ռ. Աբրահամյանը՝ հորդորելով համայնքների ղեկավարներին և պատասխանատու պաշտոնյաներին իրականացնել փոխգործակցված աշխատանք՝ ի շահ մարզի բնակիչների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23