Նորություններ
Հերթական այցը մթերող կազմակերպություններ
30.09.2016
Սեպտեմբերի 30-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի, Վ. Արտաշատի, Այգեպատի, Այգեզարդի,Վեդի քաղաքի համայնքների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց մթերող կազմակերպություններ:
Արարատի գինու գործարանում , որտեղ իրենց հերթին էին սպասում խաղողով բեռնված մեքենաները, մարզպետին դիմավորեց գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանը: Մարզի ղեկավարը գովեստի խոսքեր ասաց տնօրենին՝ մթերումը բարձր մակարդակով կազմակերպելու, արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Ապա մարզպետը զրուցեց խաղողագործների հետ, որոնք իրենց գոհունակությունը հայտնեցին մթերման գործընթացն արագ կազմակերպելու և իրենց սպասեցնել չտալու համար:
Արմեն Սարգսյանը վստահեցրեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, որ գործարանի ողջ անձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով , որ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի վերջին մեքենան բեռնաթափված հեռանա գործարանից: Գործարանում տնօրինության հետ քննարկման ընթացքում մարզի ղեկավարը կրկին ընդգծեց, որ ինքը յուրաքանչյուր մթերող կազմակերպության, յուրաքանչյուր խաղողագործի կողքին է՝ իր անմիջական օգնությամբ ու օժանդակությամբ մթերումը կազմակերպված, և բերքն անկորուստ իրացնելու գործում:
Գործարանի մթերման և վերամշակման արտադրամասերում շրջայցից հետո նրանք այցելեցին Շահումյանի գինու գործարան: Տնօրեն Կարո Կարապետյանի հետ երկու օրից սկսվող մթերման հետ կապված աշխատանքները քննարկելուց հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նրան ուղեկցող անձինք շրջեցին գործարանում, տեղում ծանոթացան մթերման պատրաստ գործարանի աշխատանքներին: Մարզպետը համայնքի ղեկավարներին հորդորեց համապատասխան ժամանակացույց կազմել, համաձայնեցնելով խաղողագործների և մթերող կազմակերպությունների հետ, ըստ որի խաղողագործներն առանց ժամանակ կորցնելու և երկար սպասելու կհանձնեն բերքը, ինչի շնորհիվ գերբեռնվածություն չի առաջանա գործարանի համար: