Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

18.10.2016

Հոկտեմբերի 18-ին Արարատի մարզպետարանում մարզպետարանի պատասխանատուների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչների, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ կայացել է խորհրդակցությունը, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարն անդրադարձել է <<Դպրոցական սնունդ>> ծրագրին և նշել, որ ՀՀ կառավարության կողմից 2015թ․ հունվարից Արարատի մարզի 107 դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար ներդրվել է ազգային դպրոցական սնունդ ծրագիրը։ Այս ուսումնական տարում դպրոցական սնունդ է տրվում 1-4-րդ դասարանների 14787 երեխաների։
Շարունակելով անդրադառնալ <<Դպրոցական սնունդ>> ծրագրին՝ մարզպետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի իրականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում դպրոցները խնայել են շուրջ 63 մլն դրամ։ Մարզպետարանի աշխատակազմի կրթության և ֆինասնական վարչությունների պետերին հանձնարարվել է սննդի համար հատկացված գումարների խնայողություններն օգտագործել բացառապես սննդի աշխատանքների կազմակերպման համար։
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում մարզի 7 դպրոցների տնօրեններն ու խոհարարները 2016թ․ ամռանը փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար մեկնել էին Տամբով քաղաք։ <<Երեխաների սնուցման համաշխարհային ֆորումի>> շրջանակներում սեպտեմբերի 8-ին աշխարհի մոտ 40 պետությունների ներկայացուցիչներ այցելել են մարզի 6 հանրակրթական դպրոցներ, ծանոթացել այդ դպրոցների ձեռքբերումներին։ Վերոհիշյալ դպրոցների արձանագրած հաջողությունները, ուսանելի փորձն ու կոլեկտիվ միահամուռ աշխատանքը ներկայացվել է <<Ընտրիր դպրոց այցելության համար>> միջազգային գրքույկում։
Չնայած այս ոլորտում արձանագրած հաջողություններին՝ Ռուբիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև դպրոցներում գործող բուֆետների սանիտարահիգիենիկ վիճակին և Առողջապահական պետական տեսչության Արարատի մարզային կենտրոնին հանձնարարել խստագույնս հետևել սանիտարական նորմերի պահպանմանը, սննդամթերք ձեռք բերել միայն պետական գրանցում ունեցող կազմակերպություններից՝ ՀՀ  գնումների օրենքին համապատասխան՝ պայմանագրեր կնքելուց հետո սննդամթերքի ստացման և մատուցման աշխատանքներին ներգրավելով դպրոցների բուժքույրերին և ծնողներին։
Խորհրդակցության ժամանակ մարզի ղեկավարը կարևորել է դպրոցներում ուսման որակի բարձրացումը, կրթության վարչությանը հանձնարարել, որ ուսուցիչների կողմից նշանակված գնահատականների օբյեկտիվությունը ստուգելու նպատակով իրականացվեն արտաքին գնահատումներ՝ առաջին կիսամյակի ավարտից հետո ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45