Նորություններ
ԻԻՀ Գիլանի նահանգի պատվիրակության այցը Արարատի մարզ
05.12.2016
Դեկտեմբերի 3-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի պատվիրակությանը՝ նահանգի առևտրաարդյունաբերական պալատի անդամ Ղասեմ Ռեզաիանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԻԻՀ շերամաբուծության զարգացման կենտրոնի ղեկավար Ալի Ասղար Դադաշզադեն, ԻԻՀ Գիլան նահանգի առևտրաարդյունաբերական պալատի անդամները, ԻԻՀ դեսպանության աշխատակիցները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Արարատի մարզ այցելելու համար: Մարզի ղեկավարը իր ջերմ ողջույնները փոխանցեց Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և շնորհակալություն հայտնեց ԻԻՀ Գիլանի նահանգ այցելության հրավերի համար: Մարզպետը նշեց, որ առաջիկայում կնախապատրաստվի Արարատի մարզի պատվիրակության փոխադարձ այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որը լավ հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու երկրի առանձնահատկություններին, սովորույթներին և տնտեսական ներուժին:Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համագործակցությունը էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը և թույլ կտա տարբեր ոլորտներում իրականացնել նոր ծրագրեր:
Այնուհետև հյուրերը ներկայացրեցին Գիլան նահանգի առանձնահատկությունները, գերակա ճյուղերը,մասնագետների փորձառությունը՝ նշելով համագործակցման համար առավել հավանական ուղղությունները: Մասնավորապես նշվեց, որ Հայաստանը կարող է պահանջարկ ունենալ իրանական արտադրության բազմատեսակ ապրանքների, շեշտադրում արվեց շերամաբուծության զարգացման հեռանկարների վրա՝ հաշվի առնելով այդ ոլորտում Հայաստանի պոտենցիալ հնարավորությունները, ինչպես նաև նախկինում ունեցած բազմամյա և հարուստ փորձը: Նոր գործնական ձեռնարկումների հիմք դնելու համար հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին մշակելու երկկոմանի շահավետ առաջարկությունների փաթեթ:
Արարատի մարզի մասին ընդհանուր տեղեկությունները ներկայացրեց մարզպետի խորհրդական Աշոտ Մուրադյանը, իսկ մարզի գերակա ճյուղ հանդիսացող գյուղատնտեսությանը և նրա այն ենթաճյուղերին, որոնք հետագա համագործակցության շրջանակներում կարող են հետաքրքրություն ներկայացնել,ծանոթացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Վարչության պետը խոսեց նաև գյուղատնտեսության բնագավառում արձանագրված բարձր ցուցանիշների և ձեռքբերումների մասին:
Հանդիպմանը ներկա գտնվող մասնավոր հատվածի ներկայացուցիչները խոսեցին իրենց արտադրատեսակների, արտադրական հնարավորությունների և ծավալների, ժամանակակից սարքավորորումների կիրառման նոր մեթոդների մասին, որից հետո քննարկում ծավալվեց տարբեր բնագավառներում հեռանկարային ծրագրերի հնարավորությունների ու պայմանավորվածություններ ձեռք բերելու շուրջ:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին Արարատի մարզպետին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար: Ավարտելով իր խոսքը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան աշխատակիցներին այս հանդիպման կազմակերպմանը աջակցելու համար և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերն և հանդիպումները շատ կարևոր են փոխշահավետ ու երկարատև համագործակցության համար: