Նորություններ
Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
21.12.2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:
Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը:
Արարատի մարզում վարչապետն Արտաշատում հանդիպել է համայնքների ղեկավարներին և տնտեսվարողներին:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները և բիզնեսի զարգացման միտումները: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզում բացվել են նոր արտադրություններ, այդ թվում՝ «Արարատ գրուպ» ջրերի գործարանը, «Ոսկե կացին», «Գրին հաուզ» ջերմոցային ընկերությունները. արդյունքում ստեղծվել է 1500-ից ավելի նոր աշխատատեղ: Նշվել է, որ մարզի ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 134 մլրդ 800 հազար դրամ, ոլորտում զբաղված է բնակչության 75-77 տոկոսը: Մարզում գործում են 31 վերամշակող ընկերություններ:
Այնուհետև վարչապետին են ներկայացվել տարբեր ներդրումային ծրագրեր: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կացին» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ունեն արտադրությունը և արտահանման ծավալներն ավելացնելու հստակ բիզնես ծրագիր, որի համար անհրաժեշտ 1,5 մլն դոլարից 800 հազարը պատրաստ է ներդնել և խնդիրը միջոցների մյուս մասի հայթայթումն է: Ներկայացվել են նաև նոր տեխնոլոգիաներով չոր մրգերի, թեյերի, կաթնամթերքի արտադրության, զբոսաշրջության խթանման այլ ծրագրեր ևս:
Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է վերջին տարիների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, և, մասնավորապես, անդրադարձել Արարատ քաղաքի բնակելի շենքերի նկուղային մասերում ջրի կուտակումների վերաբերյալ քաղաքապետի բարձրացրած խնդրին: «Մենք բացահայտ ասում ենք, ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք: Մենք ուզում ենք մոտիվացնենք, որ հաջորդ տարի գանք, տեղական համայնքի բյուջեն 1.8-ից դարձած լինի 2.5, մի քանի տարի անց՝ 3.2: Մենք պետք է հասկանանք, որ այսպես, ամեն մեկս ծանրություն վերցնելով, շարժվում ենք առաջ: Պետական բյուջեն անսահմանափակ չէ և միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալիս, ուղղելու ենք այն համայնքներին, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող ենք ստանալ: Այսինքն, այն համայնքը, որը բեռ է վերցնելու, ես իր կողքը կանգնելու եմ: Համայնքն իր բյուջեն չի ավելացնում՝ մտածելով, որ եթե ավելացնի, հնարավոր է սուբսիդիան պակասի: Ես էլ ասում եմ, հենց ավելացնեք՝ սուբսիդիան շատացնելու եմ»,- ընդգծել է վարչապետը:
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է մարզի զարգացման ծրագրի կարևորությունը և ավելացրել, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժը և զարգացման ոլորտները: «Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք