Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
26.12.2016
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը և մարզպետի խորհրդական Աշոտ Մուրադյանը։
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունել է հյուրին և շնորհավորել արգենտինացիների Սուրբ Ծնունդը՝ մաղթելով առողջություն և խաղաղություն բոլորի ընտանիքներին: Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է Արարատի մարզի աշխարհագրական դիրքը, մշակութային, պատմական ավանդույթները, քաղաքային ու գյուղական համայնքների պոտենցիալը և շեշտել, որ Արարատի մարզը Հայաստանի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ որ հայ-արգենտինական բարեկամությունը սկիզբ է դրվել դեռևս անցյալ դարում, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով մազապուրծ եղած շատ հայեր հանգրվանել են այնտեղ: Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շեշտել է նաև, որ մինչ օրս իրենց լեզուն, մշակույթն ու սովորույթները պահանող հայերը ներգրավված են երկրի կառավարման գործընթացում, իսկ ահա արգենտինական 25 համայնքներում տեղակայված են հայկական հուշարձաններ և հուշաքարեր: Դեսպանը համոզմունք հայտնեց նաև, որ հատկապես գյուղատնտեսության և մշակույթի ոլորտներում ընդգծված համագործակցությունը մոտ ապագայում կդրսևորվի նոր ու հետաքրքիր ծրագրերով և կընդլայնի իր շրջանակները:
Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պետական մակարդակով հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող մոտեցման ու վերաբերմունքի համար և հույս է հայտնել, որ այս հանդիպումից հետո հայ-արգենտինական բարեկամությունը կթևակոխի նոր ու իրատեսական ծրագրերով հագեցած փուլ: