Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
07.02.2017

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ներկայացրեցին նախորդ ամսվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն, տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք աշխատանքները:
Մարզի ղեկավարը կարևորեց մարզպետարանի և մարզպետարանի ենթակայության բոլոր կառույցների աշխատանքային ոճում ժամանակակից մոտեցումների և բարեփոխումների անհրաժեշտությունը, թարմ գաղափարների ներմուծումը, բազմազան ու իրատեսական ծրագրերի կյանքի կոչումը՝ նորօրյա պահանջներին համապատասխան:
Անդրադառնալով Արարատի մարզում արդեն իրագործվող տարբեր ծրագրերի ընթացքին, մարզպետ Արամայիս Գրիգորյանը հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Նշելով, որ բավականաչափ պատասխանատու տարի է սպասվում, մարզպետը հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ, լիարժեքորեն և ժամանակին իրականացնել աշխատանքային բոլոր գործառույթները:
Համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարվեց վերանայել համայնքների սեփական եկամուտների ավելացման սահմանները, ուշադրության կենտրոնում պահել դպրոցների ֆինանսական միջոցների վերաբաշխման գործընթացը՝ ապահովելով համաչափությունը, անհրաժեշտ հսկողություն իրականացնել և ձեռնարկել միջոցներ՝ բացառելու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում անհարկի դրամահավաքը, ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության բնագավառում տիրող վիճակի վերաբերյալ և մարզում գյուղմթերքների արտադրության 2015-2016թթ. համեմատական պատկերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, մարզպետի կողմից մարզպետի տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ՝ ուղղված ընթացիկ տարվա ընթացքում նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում նախատեսվելիք ծրագրերին և շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքներին: