Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

14.02.2017

Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանության աշխատակիցներին:Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավարը:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելիս առիթ է ունեցել շփվելու դեսպանի հետ, մեծ հարգանք ունի նրա նկատմամբ, և ձևավորված հարաբերությունները առավել նպաստավոր դաշտ են ստեղծում հետագա լայն համագործակցության համար: Մարզի ղեկավարը ասել է, որ տեղյակ է ՀՀ Արարատի մարզի և ԻԻՀ Գիլանի նահանգի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի և ձևավորված փոխհարաբերությունների մասին,ուրախ է և վստահ, որ դրանք շարունակական են լինելու և ավելի մեծ թափ են ստանալու:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել Արամայիս Գրիգորյանին այս առիթը ընձեռելու և նորից հանդիպելու համար: Ջերմորեն շնորհավորելով մարզպետին նոր պաշտոնը ստանձնելու, իսկ մարզպետարանի ողջ անձնակազմին փորձառու ղեկավար ունենալու կապակցությամբ՝ նա հավելել է, որ այդ նշանակումը կնպաստի ստեղծված կապերի և հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու զարգացմանը: Դեսպանը նաև նշել է, որ այս համագործակցության սկիզբը դրվել է մարզի Դվին համայնքում, որտեղ դպրոցում պարսկերեն լեզու է դասավանդվում:Դա առիթ է հանդիսացել համայնք այցելելու, իսկ հետագայում՝ Արարատի մարզը պիլոտային ծրագրերում ընդգրկելու համար :
Դեսպանը մարզպետին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն և առաջարկել ծանոթանալ Գիլան նահանգին, նրա առանձնահատկություններին, ներուժին և հնարավորություններին:Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ընդունելով հրավերը՝ շնորհակալություն է հայտնել և նշել է, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու երկրի առանձնահատկություններին, սովորույթներին և տնտեսական ներուժին:
Արարատի մարզի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն կիրականացվի առավել հարմար ժամանակահատվածում, որից առաջ տեղի կունենան հանդիպումներ և քննարկումներ մարզի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Համագործակցության նոր առաջարկությունների փաթեթ մշակելիս հաշվի կառնվեն երկու կողմերի գերակա ճյուղերը, առևտրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում պոտենցիալ հնարավորությունները և մասնագետների փորձառությունը:
Հանդիպման ընթացքում դեսպանի կողմից մարզպետին առաջարկ է արվել Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովել մարզում, ինչը կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը և կարող է շահավետ հեռանկարային ծրագրեր իրականացնելու հիմք հանդիսանալ:Մարզպետը պատրաստակամություն է հայտնել աջակցել և հնարավորության պայմաններում բարձրացված հարցերին ըստ առաջնահերթության լուծումներ տալ:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արարատի մարզպետին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար: Ավարտելով իր խոսքը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին այցելության համար և համոզմունք հայտնել, որ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերն ու հանդիպումները շատ կարևոր են փոխշահավետ և երկարատև համագործակցության համար: Մարզի ղեկավարը ընդգծել է նաև, որ համագործակցությունն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը և թույլ կտա տարբեր ոլորտներում իրականացնել նոր ծրագրեր:
   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31