Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպել է Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ
24.02.2017
Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի և մարկետինգի պատասխանատու Արտյոմ Հախնազարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:
Հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետին են ներկայացրել ԱՄՆ մանկական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող <<Համայնքային սոցիալական ծառայությունների հզորացումը Հայաստանում>> ծրագիրը, որի շրջանակներում մարզում նախատեսվում է երեխաների զարգացման համայնքային ցերեկային կենտրոն ստեղծել: Կենտրոնը, որի շահառուները կլինեն Արարատ քաղաքի և հարակից համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ և ոստիկանությունում պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող երեխաներն ու նրանց ծնողները, նախատեսում են հիմնել Արարատ քաղաքում: Մարզի ղեկավարին են ներկայացվել նաև Արարատի մարզի մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար: Կարևորելով մարզում երեխաների առողջության և կրթության բարելավմանը նպաստող ցանկացած ծրագրի իրականացումը՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց իրագործմանը:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և աջակցության համար ու վստահեցրել, որ նմանատիպ ծրագրերի իրականացումն Արարատի մարզում լինելու է շարունակական։