Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Արարատի մարզ

17.03.2017

 Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները։ Երկուստեք կարևորվել է եղած ֆինանսական միջոցների և մասնագիտական ներուժի արդյունավետ կառավարումը։
Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է մարզի բժշկական կազմակերպությունների վիճակը, մարզպետարանի կողմից նախատեսվող աշխատանքներն ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ` գյուղական բնակավայրերը մասնագետներով ապահովելու ուղղությամբ։
Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն, որն այժմ ամբողջությամբ տեղակայվել է ադմինիստրատիվ մասնաշենքում։ Լևոն Ալթունյանը շրջել է կենտրոնում, հետաքրքրվել հատկապես մանկական բաժանմունքում բուժվող հիվանդների վիճակով, նրանց բուժման արդյունքներով։
Կենտրոնի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանցից ակնկալվող արդյունքները։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը` նա նշել է, որ սկզբնական շրջանում գուցե դժվար կլինի, սակայն կհամոզվեն, թե այն որքան կարևոր է:
Նախարարը բուժաշխատողներին հորդորել է վստահել իրենց ուժերին։ «Մենք բոլորս ուզում ենք գերմանական բժշկություն ունենալ։ Գերմանացիները մեզանից ավելի խելացի չեն։ Պարզապես նրանք անում են այն` ինչ գրված է, ինչպես կարգն է։ Մենք կգրենք այդ կարգերը և ձեզ հետ միասին կփորձենք Հայաստանի բժշկության նոր մակարդակ ապահովել»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նա նշել է, որ գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերն ակտիվորեն զբաղվում են կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակմամբ։
Կենտրոնի բուժաշխատողները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ Հայաստանում կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրությունը` Լևոն Ալթունյանը պատասխանել է, որ այս պահին մշակվում և հստակեցվում են պարտադիր ապահովագրավճարի չափերը։ Նա բուժաշխատողներին վստահեցրել է, որ իրենք ևս ներգրավված կլինեն։
Բարձրացված առանձին հարցերի պարզաբանումները նախարարը խոստացել է տալ խնդիրներին մանրամասն ծանոթանալուց հետո։
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ ծանոթացել է Արտաշատի բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին։ Արտաշատի տարածաշրջանի ավելի քան 90 հազար բնակչի սպասարկող եռահարկ կենտրոնը, որ գտնվում էր անբարեկարգ վիճակում, հիմնանորոգվում և արդիականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում։
Տեղում քննարկվել են կենտրոնի ծառայությունների միավորման, տարածքն առավել արդյունավետ օգտագործման և այլ հարցեր։ Նախարար Ալթունյանը կենտրոնի տնօրենին առաջարկել է նախարարության մասնագետների հետ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել բոլոր դետալները, որպեսզի շահագործման ժամանակ թեկուզ փոքր խնդիրներ չլինեն։
Կենտրոնի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի օգոստոսին։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների շուրջ 35%-ը:
Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը նախարարին վստահեցրել է, որ աշխատանքները այսուհետև ևս կշարունակվեն առանց ժամանակացույցից շեղվելու։
Նշենք, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերին։ Ծրագրի շրջանակներում Արտաշատի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Նախատեսված է իրականացնել նաև կենտրոնի արտաքին բարեկարգումը։
Արարատի բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դիմել են մարզերում առանձին ծառայությունների ընդլայնման և նեղ մասնագիտությունների զարգացման հարցերով։ Ողջունելով երիտասարդ կադրերի նախաձեռնողականությունն ու գործնական աշխատանքում ծնված գաղափարները` նախարարը հորդորել է բարձրացված հարցերի շուրջ խորհրդակցել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների հետ և իրեն ներկայացնել միասին մշակած առաջարկները։
Լևոն Ալթունյանն այստեղ ևս ծանոթացել է կենտրոնում մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման արդյունքներին, ինչպես նաև առողջության առաջնային օղակի հետ համագործակցությանը։
Բուժաշխատողների հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է, թե նրանք ինչպես են ընդունում համակարգում իրականացվող բարեփոխումները։
Ամփոփելով Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները` նախարար Ալթունյանը նշել է. «Մարզի բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը, նրանց տրամադրվածությունը բարեփոխումների նկատմամբ վստահություն են ներշնչում, որ ամեն ինչ կարվի։ Նրանց հետ իսկապես սարեր կարելի է շրջել»։
Այցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ պայմանավորվել են առաջիկայում քննարկել մարզի առողջապահական կազմակերպությունների նոր մոտեցումներով մշակված օպտիմալացման ծրագիրը։

 Աղբյուրը՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18