Նորություններ
Կայացել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ստեղծված Արարատի մարզային հանձնաժողովի առաջին նիստը
06.05.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով հանրապետության տարբեր մարզերում իրագործվելու է <<Մաքուր Հայաստան >> ծրագիրը, որը նպատակ է հետապնդում գյուղական և քաղաքային համայնքները դարձնել մաքուր և բարեկարգ։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարգադրությամբ մարզի տարբեր համայնքներում կուտակված աղբի մաքրման, տեղափոխման կամ դրանց վերացման նպատակով ստեղծվել է մարզային հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են խոշոր համայնքների ու աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարները, Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։
Մայիսի 6-ին կայացած առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները՝ Արարատի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ, քննարկել են աղբակույտերի վերացման մեխանիզմներին առնչվող հարցեր։
Հայրապետ Բաբայանը հանդիպման սկզբում ներկայացրել է համայնքներում առկա աղբակույտերը պատկերող քարտեզը, առաջարկել այս խնդրի վերացման համար ստեղծել օժանդակ աշխատանքային խումբ, որն առավել արդյունավետ կդարձնի հանձնաժողովի աշխատանքը և թույլ կտա խնդիրը վերացնել առավել սեղմ ժամկետներում։
Շեշտելով, որ բնակչության շրջանում աղբ չթափելու մշակույթի ձևավորումը սկսվում է հանրակրթական հաստատություններից՝ մարզպետի տեղակալը հորդորել է խնդրին ցուցաբերել ոչ միայն տեղային, այլև գլոբալ մոտեցում։
Այնուհետև համայնքների ու աղբահանությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարները առաջարկություններ են ներկայացրել օպերատիվ աղբահանության կազմակերպման և համայնքներում աղբի կուտակման հետագա բարդություններից խուսափելու համար՝ աղբ թափելն արգելող ցուցանակներ փակցնելուց մինչև հեռուստաալիքներով գովազդային հոլովակների ցուցադրում։
Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենօրյա աշխատանքային հաշվետվություն։