Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

15.05.2017

Մայիսի 15-ին Արարատի մարզպետարանում կայացել է ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունը՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է մարզի գյուղական և քաղաքային համայնքների սեփական եկամուտների ավելացման հետ կապված ծրագրին և ասել, որ այս գործընթացի վերաբերյալ քննարկումներն ու դրանց լուծման եղանակները պետք է լինեն իրատեսական։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, համառոտ տեղեկատվություն ներկայացնելով վերոհիշյալ հանձնարարականի վերաբերյալ, հավելել է, որ գրեթե բոլոր համայնքներում այս հարցին տրվել են տրամաբանական լուծումներ։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակում դպրոցների միավորմանը և կենսաթոշակառու ուսուցիչներին առավել երիտասարդ կադրերով փոխարինելու խնդրին։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, հավելել է , որ թոշակառու մանկավարժների շուրջ 94 տոկոսի հետ դեռևս ուսումնական տարվա սկզբում կնքված ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը կլուծարվեն ուսումնական տարվա վերջում։ Ինչ վերաբերում է տարբեր համայնքների դպրոցների միավորմանը, ապա հարցի լուծումը կախված է նաև այդ համայնքների՝ իրարից մոտ կամ հեռու լինելու փաստից և դեռ քննարկման փուլում է, իսկ Ջրահովիտ և Արևաբույր համայնքների դպրոցների միավորման պարագայում, օրինակ, խնդրին կարող է տրվել համարժեք լուծում՝ ելնելով շենքային պայմաններից և ուսումնական պրոցեսի արդյունավետ կազմակերպման հնարավորություններից։ Այնուհետև Արամայիս Գրիգորյանը խոսել է մարզի դպրոցներում կատարված ֆինանսական ստուգումների վերաբերյալ ամփոփ նկարագրից և խստորենս զգուշացրել, որպեսզի աուդիտորները լինեն միանգամայն օբյեկտիվ և առաջնորդվեն օրենքի դրույթներով:
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության և տրանսպորտի բնագավառի պատասխանատուները ևս ներկայացրել են այս ոլորտում իրագործված ծրագրերն ու խոսել ընթացիկ աշխատանքների մասին։ Մատնանշելով մի քանի դպրոցներում ջրահեռացման համակարգերի նախագծման և տեղակայման աշխատանքների ավարտը՝ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է իրավասության սահմաններում վերահսկել մարզային ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները հնարավորինս արագ ավարտին հասցնելու գործընթացը, համագործակցել բարեկարգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ։ Խոսելով համայնքային ճանապարհների վրա ուղղորդող վահանակների տեղակայման անհրաժեշտության և զբոսաշրջության տեսանկյունից դրանց կենսական նշանակության մասին՝ մարզի ղեկավարը այս ուղղությամբ ևս հանձնարարականներ է տվել։ Իսկ Մասիս քաղաքում խմելու ջրի սպասարկման որակի բարձրացման հարցը ևս սեղմ ժամանակահատվածում իրագործելու համար առաջարկվել է գրություն ուղարկել համապատասխան մարմիններին և ջրամատակարար կազմակերպությանը։
Այնուհետև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնա Պողոսյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին: Զեկուցելով բուժհաստատություններում ճիշտ կադրային քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին՝ Սոնա Պողոսյանն ասել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարզի բուժհաստատությունները համալրվեն բժշկական համալսարանի որակյալ և հմուտ շրջանավարտներով։
Աշխատանքային խորհրդակցությանը հաջորդիվ քննարկվել են մայիսի 20-ին Դվին համայնքում կայանալիք հայկական խոհանոցի ավանդույթներին նվիրված <<Ուդուլի>> 7-րդ ամենամյա փառատոնի կազմակերպչական հարցերը։ Իսկ մարզի համայնքների անձնագրերի ձևաչափի հստակեցման, համայնքներին հավելյալ պարարտանյութեր տրամադրելու, խաղող մթերող կազմակերպությունների կողմից խաղողագօրծներին տրվող գումարների վերջնական փոխհատուցման վերաբերյալ հանձնարարականները ավարտին կհասցվեն մի քանի օրից։
Ամփոփելով մայիսի 15-ի խորհրդակցությունը ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրկին հորդորել է հանձնարարականների կատարման համար ընտրել իրատեսական ու սեղմ ժամկետներ, շարունակական հսկողության տակ պահել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման գործընթացը և մեծ պատասխանատվությամբ մոտենալ ցանկացած հարցի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36