Նորություններ
«Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը
25.05.2017
Ս.թ. մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի սկզբում Վաչե Տերտերյանը տեղեկացրել է ներկաներին, որ մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Փոխնախարարի խոսքով, որոշակի աշխատանք արդեն կատարված է, մասնավորապես` քարտեզագրված 2029 աղբանոցներից (բացի Երևանից) արդեն իսկ փակվել են 693-ը, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցներում: «Միջոցառումից հետո մենք իսկապես մեծ ճիգ ենք գործադրելու ստացված արդյունքը պահպանելու, խորացնելու և շարունակական դարձնելու համար»,-նշել է Վաչե Տերտերյանը և մեծապես կարևորել բնակչության ակտիվ մասնակցությունը այս համապետական միջոցառմանը:
Խորհրդակցությանը ներկա մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են մայիսի 27-ին կայանալիք համապետական միջոցառման աշխատանքների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` հանրապետության բոլոր համայնքները մասնակցելու են ս.թ. մայիսի 27-ին նախատատեսվող համապետական շաբաթօրյակին: Հանրապետական գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է աշխատանքների համադրում, կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, նախապատրաստվում են տրանսպորտային միջոցները՝ բավարար թվով բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար:
Ըստ ՀՀ ոստիկանության, մայիսի 25-ի դրությամբ, կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1105 դեպք, չսահմանված վայրերում աղբ թափող 849 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 444-ը: Վարորդների հանդեպ տրանսպորտային միջոցներից իրեր և առարկաներ նետելու համար կազմվել է 442 արձանագրություն: ՀՀ մարզերում հայտնաբերվել են պայմանգիր չունեցող 746 տնտեսվարող սուբյեկտներ:
Նիստի ընթացքում կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:
Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցելու համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով.
Արարատի մարզ- 0235-2-34-65
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքից