Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

06.06.2017

Հունիսի 5-ին Արարարատի մարզպետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության առանցքային հարցերը վերաբերել են առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և մի քանի այլ ոլորտներին։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել ընթացիկ ծրագրերի մասին, խոսել իրենց ոլորտների առաջնային խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։
Խորհրդակցության սկզբում ներկայացնելով հունիսի 2-ին անձնագրային ռեժիմի կարգավորման և հստակ դրույթների շուրջ Ազգային անվտանգության ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, Արտաշատի ռուսական զորամասի և սահմանապահ վարչության ղեկավարության հետ կայացած խորհրդակցության արդյունքները՝ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ավելացրել է, որ անձնագրային ռեժիմի հստակեցման և օրինականացման ուղղությամբ երկուստեք ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Այնուհետև քննարկվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում մայիսի վերջին մեկնարկած քննությունների ընթացակարգը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող քննություններին նաև մարզպետարանի կողմից պարտադիր ներկայացուցիչ ունենալու առաջնահերթությունը։ Սահուն և արդար քննական ընթացակարգ ապահովվելու համար Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանին հանձնարարել սահմանել աշխատանքային գրաֆիկ ու իրականացնել արդյունավետ վերահսկողություն, իսկ միասնական ընդունելության քննություններին ներկայացուցիչ ունենալու ուղղությամբ՝ առաջարկություն ներկայացնել համապատասխան մարմիններ։
Խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտի օրակարգային խնդիրներից մեկին՝ բժշկասոցիալական անկողմնակալ փորձաքննության իրականացմանը։ Արամայիս Գրիգորյանն ասել է, որ անկողմնակալ եզրակացությունների սահմանման, օրինական ճանապարհով հաշմանդամության կարգի ստացման համար արդյունավետ է մարզպետարանի առողջապահության վարչության պետին, ինչու ոչ, նաև բժշկական կենտրոնների գխավոր բժիշկներին այդ իսկ հանձնաժողովների կազմում ընդգրկելը։
Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մշակովի բույսերի հիվանդություններին առնչվող հարցերը։ Կանխարգելիչ ու օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու համար մարզի ղեկավարն առաջարկել է հաշվարկել գյուղացուն հասցված վնասն ու շուտափույթ հստակեցնել այդ հիվանդությունների առաջացման պատճառները։
Պետական աջակցությամբ անապահով խավի, զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներին ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների ընթացքն է ներկայացրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը և ասել, որ ծրագրի շրջանակներում այս տարի ամռանը ևս արարատցի երեխաները երեք հերթափոխով իրենց հանգիստը կանցկացնեն Հանքավանի ճամբարներում։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների աղբահանության արդյունավետ իրականացման և հանրակրթական ուսումնական հաստատությունների օպտիմալացման երկրորդ փուլի ընթացակարգերին։
Խորհրդակցության ավարտին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ, որոնց իրականացման համար սահմանվել են հստակ ժամկետներ ու կանոնակարգեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:57:45